
Օգտատերերը հայտնել են Twitter-ի աշխատանքում տեղ գտած խափանման մասին

Աշխարհի մի շարք երկրներում լույս հոկտեմբերի 2-ի գիշերից խափանում է դիտվում Twitter սոցիալական ցանցի աշխատանքում: Այդ մասին վկայում են Downdetector ծառայության էջում զետեղված տվյալները, որը հետեւում է ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին։
«Twitter-ի աշխատանքում խնդիրներ են դիտվում ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով 21:14-ից (Երեւանի ժամանակով 05:14-ից):
Խափանումներից առավել հաճախ գանգատվում են Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի օգտատերերը: Բացի նրանցից, խնդիրների են բախվել Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում եւ եվրոպական այլ երկրներում: Ռուսաստանում խափանումների մասին ավելի հաճախ հայտնում են Մոսկվայի օգտատերերը:
Downdetector-ի տվյալներով՝ օգտատերերի մեծամասնությունը (մոտավորապես 62 տոկոսը) կայքի աշխատանքի հետ կապված խնդիրներ է ունենում, 27 տոկոսը գանգատվում է Apple-ի սարքերի համար շարժական հավելվածների աշխատանքից, եւս շուրջ 9 տոկոսը խնդիրներ է ունենում օգտահաշիվներ մտնելիս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: