Կայացավ Փաշինյան-Պուտին հանդիպումը

Քիչ առաջ Երևանում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հայաստան աշխատանքային այցով ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ողջունելով ՌԴ նախագահին՝ ՀՀ վարչապետն ասաց, որ ուրախ է հնարավորության համար քննարկել երկու երկրների ընդհանուր օրակարգի հարցերը:

«Ես կարծում եմ, որ այսօր նշանակալի իրադաձություն տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Մենք Սինգապուրի հետ ստորագրեցինք համաձայնագիր, ուժի մեջ է մտնում ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրն Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Եվ ես անկեղծ ասած, չափազանց ուրախ եմ, որ այս ամենը տեղի է ունենում Երևանում: Եվ դա ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության հիշարժան փաստն է: Անկեղծ ասած, ես գոհ եմ, որ մեր նախագահությունը ԵԱՏՄ-ում այսպիսին ստացվեց: Բնականաբար, դեռ ժամանակ կա, մեզ դեռ կհաջողվի արձանագրել ևս մի քանի արդյունք: Եվ, իհարկե, չափազանց կարևոր են մեզ համար մեր եկկողմ հարաբերությունները: Ռուսաստանը մեզ համար ռազամավարական գործընկեր է: Մենք ցանկանում ենք այդ գործընկերությունն ավելի ու ավելի ուժեղ դարձնել: Շնորհակալություն Ձեզ Ձեր պատրաստակամության համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատեց երկկողմ հարաբերությունների ռազմավարական բնույթը: Նրա որակմամբ, դրանք ամրապնդվել են ոչ միայն վերջին տարիների, տասնամյակների իրադարձություններով, այլ մեր ժողովուրդների հարաբերությունների բազմադարյա պատմությամբ: «Իսկ Ձեզ, որպես ԵԱՏՄ նախագահող, ցանկանում եմ շնորհավորել Երևանում տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքների կապակցությամբ, դրանք իսկապես լավն են նաև մեր գործընկեր երրորդ երկրների հետ հարաբերությունների խորացման տեսանկյուն ից: Եվ որ պակաս կարևոր չէ մեզ համար, չկա որևէ խնդիր, իրականացվել են բոլոր պայմանավորվածությունները ԵԱՏՄ շրջանակներում մեր անդամ երկրների միջև: Դուք այն մարդն եք, որ ամենաշատ ջանքերն է ներդրել այդպիսի արդյունավետ աշխատանքի համար»,-ընդգծեց ՌԴ նախագահն, ավարտելով իր խոսքը շնորհավորելով ՀՀ վարչապետին այդ արդյունքների կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Երևանում ՌԴ նախագահն այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի աշխատանքներին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների, ինչպես նաև ԻԻՀ և Մոլդավայի նախագահների ու Սինգապուրի վարչապետի հետ միասին:

Տեսանյութեր

Լրահոս