Պուտինը Երևանում հանդիպել է Ռոհանիի հետ. Փաշինյանի հետ հանդիպում դեռ չի կայացել
Այսօր Երևանում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ: Ինչպես տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ երկու երկրների նախագահները կանոնավոր հանդիպումներ են ունենում և աշխատում: Ըստ ՌԴ նախագահի, հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակի դինամիկան, ինչպես նաև երկկողմ կապերը, միշտ խոսելու և քննարկելու հարցեր կան։ Պուտինը գոհունակությամբ է նշել, որ ընթանում է համատեղ աշխատանք Իրանը Եվրասիական տնտեսական միության աշխատանքին միացնելու ուղղությամբ։
«Համոզված եմ, որ այդ աշխատանքն օգտակար կլինի մեր երկրների համար։ Այն կառուցվում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և Առևտրի համաշխարհային կազմակերպության հիմնական դրույթների հիման վրա»,- ասել է Պուտինը։
Իր հերթին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին նշել է. «Մեր երկու երկրները գտնվում են զգայուն տարածաշրջանում և, ցավոք, վերջին շաբաթում մենք տեսնում ենք բացասական դրսևորումներ այստեղ։ Եվ որտեղ էլ մենք փոխգործակցենք, մեր վերջնանպատակը խաղաղությունն է, կայունությունը և անվտանգությունը»։
Հիշեցնենք, որ նախօրեին Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական խորհրդի գագաթնաժողովի շրջանակում առանձին հանդիպումներ կանցկացնի և կբանակցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Ուշագրավն այն է, որ մինչ այս պահը որևէ հաղորդագրություն, տեղեկություն չկա Փաշինյան-Պուտին հանդիպման մասին, չնայած այդ մասին ռուսական կողմը պաշտոնապես բազմիցս տեղեկացրել էր: