
2018թ. Թուրքիան 70%-ով ավել գումար է ծախսել զենք գնելու համար

2018-ին Թուրքիան նախորդ տարվա համեմատ 70%-ով ավել գումար է ծախսել զենք ու ռազմական տեխնիկա գնելու համար: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ըստ այդ երկրի հաշվեքննիչ պալատի զեկույցի՝ անվտանգության ու պաշտպանության ապահովման նպատակով զենքերի, մեքենաների ու ռազմական տեխնիկայի գնման համար 2018-ին «Պաշտպանական արդյունաբերության աջակցության ֆոնդից» ծախսվել է 22.5 մլրդ թուրքական լիրա (3.95 մլրդ դոլար):
2017-ին նույն նպատակով ծախսվել է 13.4 մլրդ լիրա (2.3 մլրդ դոլար):
Աղբյուրը նշում է, որ «Պաշտպանական արդյունաբերության աջակցության ֆոնդը» ստեղծվել է Թուրքիայի զինված ուժերի արդիականացման ապահովման ու պաշտպանական արդյունաբերության համար ընդհանուր բյուջեից դուրս, կայուն դրամական հոսքեր ապահովելու նպատակով:
Ֆոնդի գումարները գոյանում են ինչպես երկրի ընդհանուր բյուջեից, այնպես էլ ԶՈւ-ն հզորացնելու նպատակով հիմնված տարբեր հիմնադրամներից: Ֆոնդը համալրվում է նաև երկրում տարածված տարբեր տեսակի վիճակախաղային ընկերությունների շահույթներից: