«Եվրասիական հանձնաժողովը պետք է երաշխավորի, որ տվյալ  պրոգրեսիվ առաջարկը  չի հանգեցնի առևտրի հարցում նորանոր խոչընդոտների». Լուկաշենկոն՝ Երևանում

«Սինգապուրն ու Իրանն էական գործընկերներ են ԵԱՏՄ-ի համար»,- քիչ առաջ այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում ասաց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ անդրադառնալով նիստի արդյունքներին:

Նախ նա շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ ամրապնդելու համար ԵԱՏՄ-ն իր  նախագահության շրջանում: Ըստ նրա՝ ՀՀ վարչապետը խոսելով ԵԱՏՄ առաջնահերթությունների մասին՝ նշեց երրորդ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման մասին, ուստի այդ առումով կարևոր է  ազատ առևտրի գոտին Իրանի հետ, որը հոկտեմբերին ուժի մեջ կմտնի: «Կարևոր է նաև Սինգապուրի փաթեթը, որն այսօր ստորագրվեց: Այդ երկրներն էական գործընկերներ են, որոնց հետ համագործակցության ներուժը հսկայական է»,- ասաց Լուկաշենկոն:

Լուկաշենկոն նաև նշեց, որ հաջորդ տարի Բելառուսն է ստանձնում նախագահությունը կառույցում, և դեռ պետք է լուրջ ջանքեր ներդնել, որպեսզի կառույցը լիարժեքորեն կայանա, և մինչև 2025 թվականը ձևավորված լինեն բոլոր միասնական շուկաները:

Նա նաև նշեց, որ հարկավոր է ջանքեր ներդնել համատեղ շահեր ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու նպատակով:

Բելառուսի նախագահն իր ոճին համապատասխան՝ նշեց, թե ինչպիսի խնդիրներ պետք է վաղուց լուծված լինեին ԵԱՏՄ-ում և չեն լուծվել:

«Այսօր մենք հանձնաժողովին օժտեցինք լիազորությամբ՝ մակնշել ապրանքներն ու հետևել դրանց տեղաշարժին: Հանձնաժողովը պետք է երաշխավորի, որ տվյալ պրոգրեսիվ առաջարկը չի հանգեցնի առևտրի հարցում նորանոր խոչընդոտների: Միությունում սահմանափակումներն արդեն բավարար են: Հատկապես անհանգստացնում է, երբ դրանք այնպիսի զգայուն ոլորտում են, ինչպիսին պետական գնումներն են:

Ժամանակն է, որպեսզի անդամ երկրների ղեկավարները դիտարկեն այս ցավագին թեման՝ ընդունելով քաղաքական որոշում: Հնարավոր է, որ պետք է ամրապնդել հանձնաժողովի  և եվրասիական դատարանի իրավասությունները»,- ասաց Լուկաշենկոն:

Տեսանյութեր

Լրահոս