Հոնկոնգի ոստիկանությունը բողոքի ակցիայի մասնակիցներին ցրում է ներկված ջրով
Հոնկոնգի ոստիկանությունը բողոքի ակցիաների մասնակիցներին ցրում է չմաքրվող կապույտ ներկ պարունակող ջրով: Այդ մասին հայտնել է RTHK հեռուստառադիոկորպորացիան: Ցուցարարներից շատերը հավաքվել են Ծովակալություն կոչվող շրջանում:
Նրանց ցրելու համար ոստիկանները քանիցս կիրառել են արցունքաբեր գազ, ինչպես նաեւ ներկանյութ պարունակող ջուր: Գունավոր ջուրը հարկավոր է բողոքողներին «նշելու» համար՝ այնուհետեւ նրանց բերման ենթարկելու նպատակով: Դրանից հետո ցուցարարների մի մասը նահանջել է Վանչայ շրջան: Ոստիկանությունը շարունակել է նրանց ցրել արցունքաբեր գազի օգնությամբ: Բողոքի զանգվածային ակցիաները, որոնք հրահրվել էին արտահանձնման մասին օրենքի քննարկմամբ, Հոնկոնգում ընթանում են հունիսի սկզբից:
Հոնկոնգի ընդդիմությունն ավելի վաղ պլանավորում էր բողոքի բազմամարդ երթ անցկացնել հոկտեմբերի 1-ին, բայց դրա անցկացման հայտը մերժվել էր: Դա չի կանգնեցրել բողոքողներին, որոնք փողոց են դուրս եկել եւ բախումների մեջ մտել ոստիկանության հետ: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ Հոնկոնգում ոստիկանը մարտական զենքից կրակել է բողոքողի վրա, տուժածը հոսպիտալացվել է: Միջադեպը տեղի է ունեցել Ցուանվան շրջանում: South China Morning Post թերթի տվյալներով՝ տուժածը սովորում է միջնակարգ դպրոցի հինգերորդ դասարանում: Կրթության հոնկոնգյան համակարգի համաձայն, նա պետք էլինի մոտավորապես 16 տարեկան: Տուժածի ընկերուհին թերթին հայտնել է, որ նա գտնվում է օրհասական վիճակում: Ներկայում տղային վիրահատում են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: