«Եկեք սցենարները մի՛ սահմանափակեք». Պատգամավորը՝ ՍԴ նախագծի չընդունվելու հնարավորությունների մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ ՍԴ-ի վերաբերյալ ԱԺ-ի նախագիծը ոչ թե Հրայր Թովմասյանի պաշտոնանակության հետ է կապված, այլ նրա լիազորությունները դադարեցնելու:

«Ազգային ժողովը չունի պաշտոնանկություն անելու լիազորություններ: Դիմումում հստակ նշվել է, որ այդ փաստաթղթում խորհրդարանը չի արտահայտում դիրքորոշում լեգիտիմության եզրույթի հարաբերակցության մասին, այդ պատճառով էլ որևէ մեկնաբանություն անելն արհեստածին կլինի: Այս դիմումով մենք կլեգիտիմացնեինք, եթե արտահայտեինք դիրքորոշում, թե Հրայր Թովմասյանը դատավո՞ր է, թե՞ անդամ»,- ասաց պատգամավորը:

Կա՞ն երաշխիքներ, որ ՍԴ անդամները կողմ կարտահայտվեն նախագծին՝ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ նման երաշխիքներ չունեն և չեն էլ կարող ունենալ, ուստի, եթե ԱԺ որևէ պատգամավոր կասի, որ ունեն երաշխիքներ, ապա այն բազմաթիվ խոսակցությունների տեղիք պետք է տա:

«Մենք դիմում ենք ՍԴ և հույս ունենք, որ ՍԴ այլ դատավորների ու անդամների կողմից հարցը կքննվի»,- շեշտեց նա:

Լրագրողի հարցին՝ եթե նախագիծը չընդունվի, ի՞նչ են պատրաստվում անել, փակելո՞ւ են ՍԴ-ի մուտքը, պատգամավորը նկատեց.

«Եկեք սցենարները մի սահմանափակեք, երբ պատասխանը ստանանք, այդ ժամանակ էլ կհասկանանք մեր հետագա գործողությունները: Այս պահին ես չեմ կարող ասել, թե ինչ կանենք»:

Անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպին և միջադեպի առնչությամբ երկու երիտասարդների ձերբակալությանը, պատգամավորն ասաց, որ չի կարող կարծիք արտահայտել քննության ընթացքում գտնվող գործի վերաբերյալ:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս