«Լավ, ասենք՝ մեկին ձերբակալեցին, դրանից հետո Մեղրու ազատ տնտեսական գոտին աշխատե՞ց». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ ԵԱՏՄ-Իրան հարաբերություններում Հայաստանը կարող է լրջագույն դերակատարում ունենալ: Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է շուտափույթ պատասխանի Իրանից եկող դրական ազդակներին, ինչը չի անում:

«ԵԱՏՄ ներկա գագաթաժողովը տարբերվում է նրանով, որ մասնակցում են ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Երևանում է Հասան Ռուհանին, Սինգապուրի պաշտոնական պատվիրակությունն է այստեղ, Մոլդովան՝ որպես դիտորդ կազմակերպություն: Մեզ առավել հետաքրքրում է Իրանի մասնակցությունը, քանի որ նախ՝ Հայաստանն Իրանի հետ ունի բարեկամական հարաբերություններ, իսկ երկրորդը՝ ապահովում է ցամաքային կապ ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև: ԵԱՏՄ-ում Հայաստանի դերն առանցքային է հենց Իրանի հետ հարաբերությունների առումով:

Մինչև այցը իրանական կողմից որոշակի ազդակներ եղել են դեպի ԵԱՏՄ և, մասնավորապես, Հայաստան, որոնց պետք է արձագանքել: Խոսքը վերաբերում է Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքին Հայաստանի մաս դառնալու մասին: Այս իմաստով իրանցիներն առաջնահերթություններ են սահմանել, նրանք Հայաստանը տեսնում են՝ Իրանը պատժամիջոցային շրջափակումից հանելու ճանապարհ, հետևաբար՝ շատ կարևոր է, որ մեր կողմից այս ազդակին պատասխաններ հնչեն:

Այս միջանցքն իր մեջ ներառում է երկու բաղադրիչ. Մեկը՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղին է, որը, ցավոք սրտի, կաղում է, և մենք չենք լսում, թե ինչ ծրագրեր կան՝ կապված դրա շինարարության հետ, և երկրորդ բաղադրիչը Հայաստան-Իրան երկաթուղին է, որի մասին մենք նորից դրական ազդակներ ունենք: Եթե մենք կարողանանք այս համագործակցությունը կայացնել և ներգրավել դրանում Ռուսաստանին, քանի որ հայկական երկաթուղիները ղեկավարվում են ռուսական կողմից, կարող ենք ակնկալել հաջողություն:

Մյուսն էներգետիկ ոլորտն է: Հայաստանն իրականացնում է չափազանց կարևոր մի գործարք՝ գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց, մենք սպասում ենք 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ավարտին, որը հետաձգվել է մինչև 2020 թվականը»,- ասում է Վ. Ոսկանյանը՝ նկատելով, որ ԵԱՏՄ-Իրան հարաբերություններում Հայաստանը կարող է լրջագույն դերակատարում ունենալ:

Նա նշեց, որ Հայաստանը ժամանակին եղել է այս գործընթացի նախաձեռնողը, և բանակցային ողջ գործընթացը տեղի է ունեցել հայկական կողմի ջանքերով: «Կամ՝ մենք եղել ենք այդ գործընթացի շոգեքարշը»,- ասաց իրանագետը:

Վարդան Ոսկանյանի խոսքով՝ Հայաստան-Իրան հարաբերությունները պետք են երկու կողմին էլ, սակայն Հայաստանը՝ որպես ավելի քիչ հնարավորություններ ունեցող երկիր, պետք է ավելի նախաձեռնող լինի:

«Չեմ կարծում, թե իրանցիներն ունեն ԵԱՏՄ անդամ դառնալու հեռագնա ծրագրեր, բայց ազատ առևտրի համաձայնագիրն ընձեռում է հնարավորություն, որ ԵԱՏՄ շուկան բացվի Իրանի համար: Որքանով մեզ է ձեռնտու Հայաստան-Իրան հարաբերությունները, նույնքանով, եթե ոչ՝ ավելի, ձեռնտու է Իրանին:

Բայց այդ համագործակցության համար մենք մի շարք գործառույթներ պետք է իրականացնենք՝ սկսած ԵԱՏՄ-Իրան հարաբերություներում տրանզիտային միջանցքի դերակատարությունը ստանձնելուց, որքան հնարավոր է՝ արագ, և որքան հնարավոր է՝ որակյալ: Այդ գործընթացը տեղից չի շարժվում: Մենք պետք է հնարավորինս արագ գործարկենք Մեղրիի ազատ տնտեսական գոտին: Այս գոտին ստեղծվել է, բայց պարապուրդի է մատնված, իսկ այնտեղ մեծ հնարավորություն կա իրանական կապիտալ ներգրավելու և ԵԱՏՄ անդամ այլ երկրների կապիտալ ներգրավելու համար, դարձնելու Հայաստանը հարթակ, որ իրանական ապրանքներ արտահանվեն, և ԵԱՏՄ անդամ երկրներից այնտեղ ներկրումներ լինեն: Այս պահին այս ուղղությամբ որևէ հաջողություն չի նկատվում, բայց այդ պարագայում մենք կունենանք տնտեսական դրական ազդեցություն»,- ասաց նա:

Իրանագետը պնդում է՝ հարևան երկրի հետ հարաբերություների զարգացումը, բացի տնտեսականից, ՀՀ-ի համար այլ առավելություններ էլ կստեղծի:

«Իրանի հետ ցանկացած համագործակցություն ունի ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական բաղադրիչ: Ցանկացած նման ծրագրի իրագործում ուժեղացնում է Հայաստանի դիրքերը տարածաշրջանում: Տարածաշրջանում մենք հակառակորդներ ենք մեր երկու հարևանների հետ, իսկ Իրանը հարթակ է՝ մեր երկիրն ավելի ծանրակշիռ ներկայացնելու, դուրս գալու տնտեսական բլոկադայից: Հայաստանն առանց Իրանի՝ այլ «քաշային կատեգորիա» է, Իրանի հետ՝ բոլորովին այլ:

Մենք անընդհատ լսում ենք կոռուպցիոն սխեմաների մասին, չակերտավոր կամ առանց չակերտների բացահայտումներ, որոնք չեն նպաստում երկկողմ ծրագրերի իրագործմանը: Լավ, ասենք՝ մեկին ձերբակալեցին, դրանից հետո Մեղրու ազատ տնտեսական գոտին աշխատե՞ց: Շատ ավելի կարևոր է հասկանալ՝ ի՞նչ ծրագրեր կան Հյուսիս-Հարավը կառուցելու, Մեղրու տնտեսական գոտին գործարկելու ուղղությամբ, քան տարածքային որևէ «իշխանիկի» ձերբակալությունը»:

Անդրադառնալով ՀՀ ՊՆ-ի կողմից իրանական վառելանյութ օգտագործելու մասին որոշմանը՝ Վարդան Ոսկանյանն ասաց, որ դրան դրական է վերաբերվում, պետք է ներկրման ճանապարհների բազմազանություն ապահովել:

«Ես այս հարցին նայում եմ դիվերսիֆիկացիայի տեսանկյունից, քանի որ Վրաստանի հետ մեր ճանապարհը, օրինակ՝ եղանակային պայմանների պատճառով կամ այլ գործոններով պայմանավորված, կարող է փակվել, Իրանի հետ ճանապարհին երրորդ կողմի ներգործության հավանականությունն ավելի քիչ է, քանի որ մենք ուղղակի հարևաններ ենք»:

Իրանագետը պնդում է՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարող են Իրանի համար նաև դրական իմիջ ստեղծել:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս