Բաժիններ՝

Հոնկոնգի խորհրդարանը շտապ կարգով տարհանվում է տեղի ունեցող անկարգությունների պատճառով

Հոնկոնգի Օրենսդիր ժողովի քարտուղարությունը հայտարարել է անձնակազմի անհապաղ տարհանման մասին քաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիաների ֆոնին, որոնք արդեն վերաճել են ոստիկանության հետ ցուցարարների բախումների։

«Օրենսդիր ժողովի քարտուղարությունը կարմիր նախազգուշացում է հայտարարել հոկտեմբերի 1-ին տեղական ժամանակով 15:55-ին: Ամբողջ անձնակազմից պահանջվում է անվտանգ պայմաններում անհապաղ տարհանվել Օրենսդիր ժողովի համալիրից»,-ասված է կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ: Ինչպես արդեն տեղեկացվել է, հոկտեմբերի 1-ին մի քանի հազար մարդ է բողոքի դուրս եկել Հոնկոնգի փողոցներ:

Ոստիկանությունն ավելի վաղ արգելել էր հակակառավարական ցույցերի անցկացումը հոկտեմբերի 1-ին՝ ՉԺՀ-ի կազմավորման օրը, եւ զգալիորեն ուժեղացրել անվտանգության միջոցառումները:

Սակայն, չնայած արգելքին, Հոնկոնգի բնակիչները հավաքվել են հրապարակներում ու փողոցներում: Նրանց մեծամասնությունը սեւ է հագնված, քանի որ բողոքողները ՉԺՀ-ի կազմավորման 70-րդ տարեդարձը համարում են «սգո օր»: Անվտանգության միջոցառումների շրջանակում Հոնկոնգում փակ է առեւտրական կենտրոնների մեծամասնությունը, ինչպես նաեւ մետրոյի 19 կայարան:

Հոնկոնգում զանգվածային ելույթներն սկսվել են հունիսին: Դրանք ուղղված են օրենքի ուղղումների վերաբերյալ այն առաջարկությունների դեմ, որոնք իշխանություններին թույլ կտային հանցագործությունների կատարման մեջ կասկածվողներին արտաքսել Չինաստանի մայրցամաքային մաս: Ավելի ուշ այդ ելույթները վերաճել են անկարգությունների ու ավերումների: Այն բանից հետո, երբ վարչակազմը հայտարարեց, որ օրենքի փոփոխությունների քննարկումները հետաձգված են, բողոքողներն առաջադրեցին նոր պահանջներ: Մասնավորապես, նրանք ձգտում են հասնել այն բանին, որ քննության առնվեն այն գործերը, որոնք վերաբերում են ցուցարարների հետ բախումների ընթացքում ոստիկանության չափազանց խիստ գործողություններին, ինչպես նաեւ պահանջում են Լեմի հրաժարականը վարչակազմի ղեկավարի պաշտոնից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս