Բաժիններ՝

Հազարավոր հոնկոնգցիներ են բողոքի դուրս եկել ՉԺՀ-ի կազմավորման օրը, չնայած արգելքին

Հոկտեմբերի 1-ին մի քանի հազար մարդ է դուրս եկել Հոնկոնգի փողոցներ՝ կոչ անելով Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը՝ «իշխանությունը վերադարձնել ժողովրդին»: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

Ոստիկանությունն ավելի վաղ արգելել էր հակակառավարական ցույցերի անցկացումը հոկտեմբերի 1-ին՝ ՉԺՀ-ի կազմավորման օրը, եւ զգալիորեն ուժեղացրել անվտանգության միջոցառումները:

Սակայն, չնայած արգելքին, Հոնկոնգի բնակիչները հավաքվել են հրապարակներում ու փողոցներում: Նրանց մեծամասնությունը սեւ է հագնված, քանի որ բողոքողները ՉԺՀ-ի կազմավորման 70-րդ տարեդարձը համարում են «սգո օր»: Նրանցից ոմանք պարզել են ՉԺՀ-ի դրոշներ՝ դրանց վրա սեւ խաչերով:

«Այսօր մենք դուրս ենք եկել ասելու Կոմունիստական կուսակցությանը, որ Հոնկոնգի բնակիչները տոնի առիթ չունեն»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը: Անվտանգության միջոցառումների շրջանակում Հոնկոնգում փակ է առեւտրական կենտրոնների մեծամասնությունը, ինչպես նաեւ մետրոյի 11 կայարան:

Պեկինում հոկտեմբերի 1-ին ընդգրկուն հանդիսություններ են ընթանում ՉԺՀ-ի կազմավորման 70-րդ տարեդարձի կապակցությամբ: Մայրաքաղաքում անցկացվել է զորահանդես, որին մասնակցել է Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի 15 հազար զինծառայող, միջոցառման շրջանակում ցուցադրվել են մարտական տեխնիկայի ժամանակակից նմուշներ: Հոնկոնգում զանգվածային ելույթներն սկսվել են հունիսին: Դրանք ուղղված են օրենքի ուղղումների վերաբերյալ այն առաջարկությունների դեմ, որոնք իշխանություններին թույլ կտային հանցագործությունների կատարման մեջ կասկածվողներին արտաքսել Չինաստանի մայրցամաքային մաս: Ավելի ուշ այդ ելույթները վերաճել են անկարգությունների ու ավերումների:

Այն բանից հետո, երբ վարչակազմը հայտարարեց, որ օրենքի փոփոխությունների քննարկումները հետաձգված են, բողոքողներն առաջադրեցին նոր պահանջներ: Մասնավորապես, նրանք ձգտում են հասնել այն բանին, որ քննության առնվեն այն գործերը, որոնք վերաբերում են ցուցարարների հետ բախումների ընթացքում ոստիկանության չափազանց խիստ գործողություններին, ինչպես նաեւ պահանջում են Լեմի հրաժարականը վարչակազմի ղեկավարի պաշտոնից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս