«Եթե «Գոլդեն Փելեսը» շահագործելու հետ կապված լավ առաջարկներ չլինեն, ապա բացառվում է, որ պետությունն այն շահագործի». Նարեկ Բաբայան
Դեռևս սեպտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «Գոլդեն Փելես» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող գույքը, որի արժեքը 7 մլրդ 535 մլն 889 հազար դրամ է, նվիրաբերել պետությանը:
Պետական գույքի կառավարման նախագահ Նարեկ Բաբայանի խոսքով՝ հյուրանոցում գույքի գույքագրումը տեղի է ունեցել դեռևս գարնանը, տեղի է ունեցել նաև գույքի գնահատում:
«Ընդհանուր առմամբ անշարժ և շարժական գույքը կազմում է շուրջ 16, 5 մլն դոլար: Առայժմ փոխանցում տեղի չի ունեցել, առաջիկա շաբաթների ընթացքում տեղի կունենա, հիմա մենք քննարկում ենք լավագույն տարբերակները՝ օտարելու, կառավարման հանձնելու հետ կապված: Այս պահին դեռևս հստակ որոշում չկա, պետք է վերցնենք լավագույն տարբերակները և դրանք դնենք աճուրդի: Գին հնչեցնողներ եղել են, բայց ես չեմ կարող այդ գների մասին բարձրաձայնել կամ այդ մարդկանց անունները տալ: Պետք է ամեն ինչ ստուգված լինի, որպեսզի ես ասեմ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Բաբայանը:
Նա նաև տեղեկացրեց, որ շենքից գույք չի պակասել, եթե պակաս լիներ, ապա այն չէին կարող ընդունել, ավելին՝ հստակ գույքագրում է եղել, և այն ամենը, ինչ թողել են, ամեն ինչ մեկ առ մեկ գույքագրվել է:
Հարցին՝ հանդիպե՞լ է Արմեն Ավետիսյանի հետ, և ինչո՞վ էր պայմանավորված, որ իր սեփականությունը նա որոշել է փոխանցել պետությանը, Նարեկ Բաբայանը պատասխանեց, որ չի հանդիպել:
Թե ինչո՞վ է պայմանավորված իր այցը հյուրանոցային համալիր, նա ասաց, որ միայնակ չի գնում, և այցը ծանոթության նպատակ ունի: Թե ում հետ է այցելելու՝ Նարեկ Բաբայանը չասաց:
Նարեկ Բաբայանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ այս պահին դեռևս չկան այնպիսի մարդիկ, որոնք ցանկանում են իրենց գույքը նվիրաբերել պետությանը:
168.am-ի հարցին՝ եթե հյուրանոցը շահագործելու լավ տարբերակներ չլինեն, հնարավո՞ր է՝ այն պետության կողմից շահագործվի, Նարեկ Բաբայանը պատասխանեց, որ դա բացառվում է, և չի կարող նման բան լինել:
Զվարթ Խաչատրյան