«Նիկոլ Փաշինյանը մի մեծ, հակահայ պրոյեկտ է». Վիտալի Բալասանյան
Արցախյան և հայաստանյան ներքաղաքական իրողություններից «168 Ժամը» Ստեփանակերտում զրուցել է Արցախի հերոս, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։
– Մասնակցելո՞ւ եք արդյոք Արցախի գալիք նախագահական ընտրություններին։ Ունե՞ք վերջնական որոշում։
– Միանշանակ ասեմ՝ այո, մանավանդ վերջին ժամանակներում տարբեր մեկնաբանություններ են եղել, բայց երևի դրանք թյուրըմբռնման արդյունք են։ Նշել եմ, որ ըստ Սահմանադրության՝ նախագահի թեկնածու կարող է առաջադրել կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը։ Ես ժամանակին ասել եմ, որ կա մեկ կուսակցություն՝ «Արդարություն» կուսակցությունը, ում հետ տարվա սկզբին կոնսուլտացիաներ ենք արել, մեր ծրագրերը համընկել են, նրանք հավանություն են տվել իմ ծրագրերին։ Հոկտեմբեր-նոյեմբերին տեղի կունենա «Արդարության» համագումարը, որտեղ կորոշվի առաջադրել իմ թեկնածությունը։ Իմ համաձայնությունը տվել եմ. միանշանակ մասնակցելու եմ ընտրություններին, որը, նախնական տվյալներով, տեղի կունենա 2020թ. մարտի 31-ին։
– Դուք ակնհայտորեն՝ հայտնի պատճառներով չեք վայելում Հայաստանի իշխանությունների աջակցությունը։ Դա Ձեզ որևէ կերպ անհանգստացնո՞ւմ է։
– Միանշանակ՝ ոչ։ Երբևիցե չի անհանգստացրել, չի անհանգստացնում և, համոզված եմ, չի անհանգստացնելու։ Ինձ համար էականն անձերը չեն, և համոզված եմ՝ երբ Արցախի ժողովուրդն իր քվեն կտա ինձ, ես, քանի որ իմ անձնական հարաբերությունները երբևիցե վեր չեմ դասել, կառաջնորդվեմ պետական շահով։ Ժամանակին ասել եմ, դեռևս 1994-ից առ այսօր բարձրաձայնում եմ, երբ նաև դեռ Անվտանգության խորհրդի քարտուղար էի, ու նոր իշխանություն եկավ Հայաստանում, կրկին անգամ ԱԽ նիստում բարձրաձայնել եմ միջպետական պայմանագրի կնքման հարցն Արցախի և ՀՀ-ի միջև։ Ինչո՞ւ եմ դա արել. որովհետև կփոխվեն անհատները, չի բացառվում, որ ԱՀ և ՀՀ առաջին դեմքերն անձնական խնդիրներ ունենան, բայց երբ լինի այդ փաստաթուղթը, բոլորը կառաջնորդվեն դրանով։ Համոզված եմ՝ եթե մինչ նախագահական ընտրություններն այդ միջպետական պայմանագիրը չկնքվի, իմ ընտրվելու դեպքում ամեն ինչ կանենք, որ կնքվի։ Իմ առաջին քայլերից մեկը դա պետք է լինի։
– Ըստ Ձեզ՝ ինչի՞ց սկսվեց Ձեր ու ՀՀ նոր իշխանությունների հակադրությունը, ի՞նչ թյուրըմբռնում եղավ, Ձեր ո՞ր արտահայտությունը սուր ընկալվեց։
– Ես երբեք պայմանավորվածություններից դուրս եկող մարդ չեմ։ Իմ ամբողջ կյանքի ու կենսագրության ընթացքում այդպես է եղել։ Երբ առաջին անգամ ՀՀ վարչապետը 2018թ. մայիսի 9-ին այցելեց Արցախ, հետո նաև երկրորդ աշխատանքային այցի ընթացքում մենք բազմաթիվ հարցեր բարձրաձայնեցինք՝ կարևորելով միջպետական պայմանագրի կնքումը։ Այնուհետև Անվտանգության խորհրդի (ԱԽ) համատեղ նիստում համատեղ օրակարգային հարցեր ենք քննարկել, և մենք, ի դեմս Արցախի նախագահի, որևէ պայմանավորվածություն չենք խախտել։ Ավելին, ինչ հարցերի մասին խոսել ենք, ԱՀ նախագահի հրահանգով ստեղծվել են աշխատանքային խմբեր, դրանք Բակո Սահակյանի հանձնարարությամբ ղեկավարել եմ ես, և մենք արել ենք այն ամենը, ինչի մասին խոսել ենք։
Բայց ՀՀ իշխանությունները, ի դեմս վարչապետի, չեն կատարել, նույնիսկ չեն սկսել որևէ գործ, ընդհուպ՝ պայմանական 10 օրակարգային հարցերից որևէ մեկը սկսված էլ չի եղել։ Եվ ժամանակ առ ժամանակ ոչ միայն դրա վերաբերյալ անհամաձայնություն է եղել, ավելին ասեմ, մենք դիվանագիտական խողովակներով Ղարաբաղի հարցի շուրջ քննարկում ենք ունեցել առաջին աշխատանքային այցի ժամանակ, թե ինչ ֆորմատով ենք տեսնում մեր՝ բանակցություններին մասնակցությունը, և ՀՀ վարչապետը ստացել է լիազորություն, որ ներկայացնի Մինսկի խմբին մեր մոտեցումը, այն է՝ Արցախը պետք է բանակցային գործընթացին մասնակցի՝ որպես լիիրավ բանակցային կողմ։ Եվ երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե Արցախի ժողովուրդն իրեն քվե չի տվել, ճիշտ է ասում, բայց ինքը չի գործում այդ տրամաբանության մեջ։
Ավելին ասեմ, թող չարախոսները բամբասեն. մենք տեսանք, որ ՀՀ-ում այն ահաբեկչական խմբավորումը՝ «Սասնա ծռերը», վայելում են վարչապետի հովանավորությունը։ Ժամանակին մեր մեջ կային այդ կասկածները, հիմա արդեն պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը, երբ 2016թ. հայտնվեց ՊՊԾ գնդում, հետո մասնակցում էր այդ միտինգներին՝ ի պաշտպանություն այդ զինված ապստամբների խմբի, նա համագործակցել է այդ զինված խմբի հետ։ Եվ վերջերս ահաբեկչական խմբի պարագլուխների հետ Փաշինյանի հանդիպումը վերջնականապես հաստատեց ու փարատեց այդ կասկածները։
Մենք տեսանք, որ «Սասնա ծռերը» ժամանակ առ ժամանակ հայտարարություններ էին անում, որ Արցախը մարզ է, նույնն անում էին տարբեր խմբեր։ Ես անձամբ ասել եմ, որ կա մեկ հայրենիք, երկու հայկական հանրապետություն։ Դա մեր դիվանագիտական ու քաղաքական որոշումն է։ Այդ ամենը ՀՀ և ԱՀ առաջին, երկրորդ ու երրորդ նախագահների օրոք համաձայնեցվել է, որ Արցախը պետք է լինի անկախ, ինքնավար Հանրապետություն, և այսօր խոսել, թե Արցախը մարզ է, և վերջ՝ անթույլատրելի է։ Ասել եմ, որ այդպես ասողները ոտք չդնեն Արցախ։
Այդ մարդիկ՝ «Սասնա ծռերը», կարող եմ ասել, որ արևմտյան պրոյեկտ են, և այդ խմբերը, ի դեմս «Սասնա ծռերի», ժամանակ առ ժամանակ շրջանառում են այդ թեզը, և այդպես էլ մենք չտեսանք ՀՀ իշխանությունների կողմից որևէ ադեկվատ քայլ, գործողություն, մանավանդ, երբ այդ մասին բարձրաձայնում է բարձր պաշտոն զբաղեցնող, ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Եվս մեկ անգամ համոզվեցինք, երբ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ ասաց՝ Արցախը Հայաստան է, և վերջ։
Եվ վերջին դեպքը, երբ ՀՀ անկախության միջոցառմանը Փաշինյանը կանգնած էր տրիբունայում, ինչ-որ մեկը շնորհավորելով ՀՀ վարչապետին ու նախագահին՝ Արցախի նախագահին անվանեց Արցախի մարզպետ։ Այդ ժամանակ ևս մենք որևէ ադեկվատ արձագանք չլսեցինք ՀՀ վարչապետից։ Այնինչ պարզից էլ պարզ է, որ յուրաքանչյուր սթափ մտածող անձ, պետական մտածողություն ունեցող երկրի վարչապետ պետք է րոպե առաջ վերցներ բարձրախոսն ու ասեր՝ այդպես չէ, Արցախի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությունն է մասնակցում ՀՀ անկախության օրվա տոնակատարություններին։
Ավելի վաղ՝ մայիսի 8-ին, երբ ինձ հարց ուղղեցին վերելակային դիվանագիտության մասին, միգուցե ինչ-որ տեղ՝ որպես պետական պաշտոնյա, ես իրավունք չունեի, բայց գտնում եմ, որ այն ճանապարհը, որն անցել եմ, ինձ տվել է այդ իրավունքը, իմ պատասխանից հետո «նիկոլականները» հարձակվեցին ինձ վրա։ Կգա ժամանակը, և մարդիկ կսթափվեն և կիմանան, թե ինչի մասին է խոսքը։ Ե՛վ վերելակային դիվանագիտության, և՛ տարբեր հանդիպումների մասին իմանալով՝ մենք ինչ-որ տեղ կոծկել ենք ՀՀ վարչապետին, չենք բարձրաձայնել մի պարզ պատճառով, որ նորեկ է, շատ բաներից տեղյակ չէ, բայց հիմա համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը մի պրոյեկտ է իրականացնում, որ Հայաստանում ապրի ազգայինը չճանաչող, չընդունող մարդը։
Ես այդպես էլ չլսեցի հայ ազգի մասին իր խոսքը, ինքն անընդհատ հպարտ քաղաքացիներից է խոսում։ Եվ ինձ համար ակնհայտ է եղել թե՛ երեկ, թե՛ այսօր, թե ով է եղել Նիկոլ Փաշինյանն ու այս կառավարությունն ու նրա անդամները, ով է նրան բերել իշխանության։ Կգա ժամանակը, և ես ավելի մանրամասն կբարձրաձայնեմ։ Ես պարբերաբար սթափվելու կոչեր եմ արել, բայց Նիկոլ Փաշինյանը չի որոշում. որոշումը կայացնում է կենտրոնը։ Եվ այն խմբերը, որոնք այսօր գործում են, թե ԼԳԲՏ-ներ, թե սորոսական, թե այլ թև, թե Ամուլսար, աղանդավորներ, թե եկեղեցու դեմ պայքար… այս ամենը ղեկավարվում է մեկ կենտրոնից։
Ուզում եմ բարձրաձայն ասել, որ համայն հայությունն իմանա, որ երբևիցե Հայաստանում այսքան ծանր վիճակ չի եղել։ Չեմ ուզում որևէ մեկին վախեցնել, բայց նույնիսկ, երբ 1991-94 թթ. Արցախում և Հայաստանի սահմաններում ընթանում էին մարտական գործողություններ, երբ մենք Շահումյանը կորցրել էինք, չէին կարողացել պաշտպանել Մարտակերտի շրջանի մեծ մասը, մեր ժողովուրդն այդքան մտահոգված չէր, ինչքան այսօր, որ ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, վարում են այլ քաղաքականություն։ Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ Ստեփանակերտում նրա հնչեցրած այն հայտարարությամբ, թե Արցախը Հայաստան է, և վերջ, նա Հայաստանը ներքաշել է պատերազմական գործողությունների մեջ։ Հայաստանը երբևիցե չի եղել հակամարտող, պատերազմի կողմ։
Արցախը է եղել պատերազմի կողմ, Արցախի, դեռևս Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովուրդն է պարտադրված պատերազմ ընդունել, և, իհարկե, միանշանակ, թե ՀՀ-ի, թե համայն հայության ջանքերով ու ուժերով հասել ենք անկախության։ Մեր բոլորի արյունով ու քրտինքով են շաղախված Արցախի տարածքի բոլոր հողակտորները։ Դա իմը չէ, մեր բոլորինն է, Արցախում ու ՀՀ-ում ապրող հայերի ու ազգային փոքրամասնությունների քրտինքն է։ Ու այսօր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն իմ նշած պրոյեկտի մի մասն է։ Նրանք ինչ-որ դիվանագիտություն են վարում՝ առանց Արցախի Հանրապետության իշխանությունների իմացության։
Բայց ասեմ, որ Արցախում, Հայաստանում համայն հայությունը թույլ չեն տալու այնպիսի որոշում կայացնել, որը կվտանգի ոչ թե Արցախի Հանրապետությանը, այլ համայն հայությանը։ Արցախի հարցը ոչ թե համայն հայության պատվի, այլ գոյության հարցն է։ Այդ սորոսական հասարակական կազմակերպություններն էլ, որին Կառավարությունը, իբր թե դիտորդական առաքելություն իրականացնելու համար՝ ուղարկել է Արցախ, իրականում աչքակապություն է արել, ու նպատակը նրանց՝ Արցախ ներմուծելն է։ Թույլ չենք տալու, էլի եմ ասում՝ թույլ չենք տալու։ Նիկոլ Փաշինյանն այդ 34 մլն 800 հազար դրամ գումարը շուտ պետք է վերականգնի պետական բյուջե ու իր «քոսոտներին» հավաքի, տանի այստեղից։
– ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ օրերս մի հայտարարություն արեց, որը քննարկումների տեղիք տվեց։
– Տեսեք, երբ նրան հարցադրում են անում, ու ինքը հարցին հարցով է պատասխանում՝ թե մի՞թե փաստացի այսօր Հայաստանը պատերազմի մեջ չէ, դա ևս Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արած հայտարարության տրամաբանության մեջ է։ Դա Հայաստանը տանում է ոչ թե՝ դեպի հակամարտություն, այլ՝ ավելի խորը ճգնաժամ, ինչը հաստատեց Անվտանգության խորհրդի «քարտուղարը»։ Չակերտներում եմ ասում, որովհետև նա արժանի չէ այդ պաշտոնին։ Եվ ևս մեկ անգամ ֆիքսվեց, որ սա պրոյեկտ է, և այն ղեկավարվում է դրսից։
– Ստեղծված իրավիճակից դուրս գալու ի՞նչ լուծում եք տեսնում։
– Նիկոլ Փաշինյանը պետք է րոպե առաջ հրաժարական տա։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը րոպե առաջ պետք է հրաժարական տա։ ԱԺ-ն տուն պետք է գնա։ Կգա ժամանակը ,և կտեսնեք՝ այս իշխանություններն ինչ վիճակի մեջ են դրել ժողովրդին։ Նրանք չեն հեռանալու, պետք է հեռացնել։ Պետք է ժողովուրդը սթափվի, պետք է պարտադրի, պահանջի, որ բոլոր պատգամավորներն իրենց մանդատները, առանց բացառության, լինի «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստանը» թե «Բարգավաճ Հայաստանը», վայր դնեն, այլապես վտանգված է համայն հայության գոյության հարցը։
– ԱՄՆ կատարած իր այցի ժամանակ օրեր առաջ ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը ՀՀ առաջին ու միակ ղեկավարն է, որն ասում է, որ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ձեռնտու լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Ո՞րն է այդ լուծումը։
– Չկա այդպիսի հասկացություն։ Նախ՝ միջազգային հանրությունը, Մինսկի խմբի համանախագահությունը՝ իր երկրների մակարդակով, ավելին, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը հստակ գիտեն, որ քաղաքական քարտեզի վրա մեկ անհայտ տարածքում 1918թ. ստեղծվել է, այսպես կոչված, Մուսուլմանական Ադրբեջանի Հանրապետություն, այնուհետև չի ընդունվել, անունը դրել են Մուսավաթական Ադրբեջանի Հանրապետություն, ապա՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն, այդպես էլ որևէ մեկի կողմից չի ճանաչվել. Ազգերի լիգան չի ընդունել որևէ փաստաթուղթ։
Հիմա, երբ խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, այդ մարդիկ, համոզված եմ, մեծ շահեր են հետապնդում, որովհետև իրենք տեղյակ են՝ ինչ տարածքի մասին է խոսքը։ Ներկայիս Ադրբեջանն անկախություն է հռչակել՝ հիմք ընդունելով 1918-20 թթ. հռչակագիրը և 1991թ. հրամանագիրը։ Ո՞ւմ են պատկանել այդ տարածքները մինչև 1918թ., ի՞նչ սահմաններով, ի՞նչ տարածքի վրա, քաղաքական թե տնտեսական ի՞նչ պատկանելությամբ և քանի՞ քկմ վրա։ Այդ նույնն արտագրել են 1991թ.։ Մենք Ադրբեջանի կազմում չենք եղել։ Մեզ տվել են հատուկ կարգավիճակ։
Մենք 1989 թվականին անմիջականորեն ենթարկվում էինք Կրեմլին, և երբ Ադրբեջանն առանց ԼՂ-ում ապրող բնակչության անկախություն հռչակեց, ապա մենք հռչակեցինք՝ այդ ժամանակ, այսպես կոչված, Ադրբեջանի Հանրապետությունը, որի սահմանները դեռևս քաղաքական քարտեզի վրա չէին նշված, հարձակվում է մի սուբյեկտի վրա, որը չի պատկանել Ադրբեջանի Հանրապետությանը։ Իսկ նրանք, ովքեր պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իրենց սև գործն են անում։ «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» հասկացություն երբևիցե չի եղել, չկա ու չի լինելու։ Եվ մենք տեսանք՝ Իրանի նախագահը հեղափոխության 40-ամյակին բարձրաձայնեց, որ իրենք դեռևս 1-ին և 2-րդ ռուս-պարսկական պատերազմներից հետո կնքված այն սխալ պայմանագրերի արդյունքում ունեցել են տարածքային կորուստներ։ Եվ իրենք չեն հրաժարվել այդ տարածքներից։
Ադրբեջանի տարածքների մի մասը՝ թե պատմական, թե իրավական առումով, պատկանում են ՌԴ-ին, ԻԻՀ-ին և Արցախի Հանրապետությանը, իսկ Նախիջևանի Հանրապետության տարածքների պատկանելությունը ՀՀ-ինն է։ Համոզված եմ, այդ օրը կգա, և մենք քաղաքական քարտեզի վրա նոր սահմաններ կգծենք։ Եվ ցանկալի է, որ հայությունը և, մասնավորապես, այսօրվա գործող «իշխանությունները», որոնք ընդհանրապես գաղափար չունեն՝ ինչի մասին է խոսքը, պետք է մեկ անգամ թերթեն այն փաստաթղթերը, որոնք ընդունվել են թե՛ 1-ին և 2-րդ ռուս-պարսկական պատերազմների արդյունքում, թե՛ Ղարաբաղի մելիքությունների պատկանելությունը, թե՛ 1917-20 թթ. փաստաթղթերը, երբ Ղարաբաղը ղեկավարում էր Ազգային խորհուրդը։
Մենք ունեինք կաթողիկոսարան, որի կենտրոնը Գանձասարում էր, և Աստրախանի, Նուխի, Եվլախ, Ժդանով, Գանձակ, Ղարաբաղի այսօրվա մեր Քաշաթաղի, Քարվաճառի շրջանների ամբողջ այդ եկեղեցական համալիրները գտնվում էին Գանձասարի կաթողիկոսարանի ենթակայության տակ մինչև 1860-ական թթ, այնուհետև կաթողիկոսարանը փոխարինվեց մետրոպոլիտի։ Դրանից հետո եկան բոլշևիկները, եղան պատերազմներ, Սարդարապատի ճակատամարտ, Թուրքիայի հարձակումներ, և այլն։ Վերջապես կա՞ն այդ փաստաթղթերը, չէ՞, եկեղեցիները, պատմական շինությունները։ Եվ այսօր ՀՀ իշխանություններն առհասարակ տեղյակ չեն, թե ինչի մասին են բանակցում։ ՀՀ իշխանություններն իրականացնում են արևմտյան կենտրոնից ղեկավարվող պրոյեկտ։
– Ինչո՞ւ եք այդպես կարծում։
– Տեսեք։ «Սասնա ծռերը» հակառուսաստանյան քաղաքականություն են վարում։ Սահմանապահ զորքերը՝ ձախ դարձ, քայլով մարշ՝ Ռուսաստան, 102-րդ բազան հանել, և այլն։ Սրանք նրանց կարգախոսներն են։ Ովքե՞ր են սրանք։ Մենք գիտենք՝ ում կողմից են ուղղորդվում, ովքեր են նրանց ֆինանսավորում։ Եվ ՀՀ վարչապետն ընդունում է այդպիսի մարդկանց։ ՀՀ վարչապետը վերջերս Ամերիկա այցելության ժամանակ հանդիպում է մի մարդու՝ Ադամ Շիֆի հետ, նա նաև ելույթ ունեցավ, ով արդեն իսկ մոտ ժամանակներս սկսելու է ԱՄՆ նախագահի հրաժարականի գործընթաց, եթե դեռ չի սկսել։ Սա՞ է արդյոք մեր դիվանագիտությունը։
– Կարծում եք՝ ՀՀ իշխանությունների կողմից սխա՞լ արտաքին քաղաքականություն է վարվում։
– Վերջերս հայտնի դարձավ, որ Իսրայելում ուզում ենք դեսպանատուն բացել։ Միանշանակ դեմ եմ։ Չկարծեք, թե չեմ կարևորում Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները։ Միանշանակ պետք է բոլոր երկրների հետ դիվանագիտական լավ հարաբերություններ ունենալ։ Փակագծեր չեմ ուզում բացել, բայց այս պահին պետք չէ, որ ՀՀ-ն Իսրայելում դեսպանատուն ունենա։ Թող ունենա ներկայացուցչություն, բայց ոչ՝ դեսպանատուն, մանավանդ այն ֆոնին, երբ սրված են մեր հարևան երկրի՝ Իրանի և ԱՄՆ-ի դիվանագիտական փոխհարաբերությունները, որ կարող են ամեն վայրկյան իսկապես վերաճել պրակտիկ փոխհրաձգության։
– Խոսեցինք Նիկոլ Փաշինյանի ու «Սասնա ծռերի» հանդիպումից։ Արդյո՞ք հակադրության մեջ չեն մտնում վարչապետի երկու հայտարարությունները միմյանց հետ, երբ մի կողմից՝ հայտնի առիթով խոսում է «սպայի պատվից», իսկ մյուս կողմից՝ Կառավարությունում ընդունում է երեք սպաների սպանության մեղավոր զինված խմբի առաջնորդներին։
– Նորից եմ կրկնում. Նիկոլ Փաշինյանը մեծ հակահայ պրոյեկտ է։ Նրանք, ովքեր չեն հասկացել, թող հասկանան։ Ես միշտ տողատակերով եմ ասել, չակերտներում, հիմա բաց եմ ասում։ Դեռևս 2016 թ. հուլիսի 23-ին լրատվամիջոցներին ասել եմ, որ ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռերի» կողմից ահաբեկչություն է։ Բոլոր ձայնագրությունները կան։ Երբ ինձ հարցրել են, թե՝ եթե զենքերը վայր դնեն, ազա՞տ են արձակվելու, ես ասել եմ՝ ոչ, այդ 31 հոգին զենքերը վայր են դնելու, և բոլորը ձերբակալվելու են։ Բայց ես խոստացել եմ չթողնել, որ որևէ մեկը կտտանքների ենթարկվի, կամ նրանց հանդեպ բռնություն կիրառվի, ինչը և արել եմ։ Մինչև վերջ տեր եմ կանգնել իմ խոսքին։ Եվ կառավարության ղեկավարը հանդիպի ահաբեկչական խմբավորման պարագլուխների հե՞տ…
– Ինչ-որ պայմանավորվածությունների մասի՞ն եք ակնարկում։
– Նիկոլ Փաշինյանը, երբ իր իսկ ասած հեղափոխական քայլերթի ժամանակ գրավել է Ռադիոտունը, որակավորումը հետևյալն է՝ ահաբեկչություն։ Պետական պահպանման հատուկ տարածք է ներխուժել. գործողությունները նույնն են, ինչ ՊՊԾ գնդում։ Կիրառվել է զենք, եղել են պատանդներ, ահաբեկվել է տարածքում ապրող բնակչությունը, Ռադիոտան դեպքում՝ աշխատակիցները, գույքի փչացում է եղել, նույնը և՝ Ռադիոտանը, զենք է կիրառվել, բայց առանց կրակոցների ու մահվան ելքի։ Հոդվածը նույնն է։ Բարձրաձայն ասում եմ, որ «Սասնա ծռերի» պարագլուխ կոչեցյալ Գարեգին Չուգասզյանը, երբ հացադուլ էր հայտարարել, և վարչապետը հանդիպեց նրա հետ՝ իբր թե հացադուլից հանելու համար, վստահաբար այդ ժամանակ պայման է դրել Փաշինյանի առջև, որ «Սասնա ծռերը» րոպե առաջ պետք է ազատ արձակվեն։ Եվ այսօր քննարկվում է նույնիսկ երկու մարդասպաններին ազատելու հարցը։
– Դուք Նիկոլ Փաշինյանին մեղադրում եք քրեորեն հետապնդելի հանցանք կատարելու մե՞ջ։
– Վերևում նշածս հոդվածն այն հոդվածն է, որով ապագայում դատվելու է Նիկոլ Փաշինյանը։ Ավելին ասեմ։ Հիմա Ռոբերտ Քոչարյանին դատում են սահմանադրական կարգի տապալման փորձ անելու հոդվածով, որը 2008 թ. չի եղել։ Այդ օրենքն ընդունվել է հետագայում, որը հետադարձ ուժ չունի, իսկ երբ հանրապետության վարչապետը կոչ է անում դատարանները շրջափակել, և թե ինքը, թե պատգամավորները, և թե պետական պաշտոնյաներն ի կատար են ածում դա, դա է սահմանադրական կարգի տապալումը։ Այդ ժամանակ ՀՀ դատախազը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը պետք է րոպե առաջ քրեական գործ հարուցեին սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով և ձերբակալեին բոլորին։ Թող ուշադիր լսեն։
Նրանք, ովքեր այսօր արդեն պաշտոններ չեն զբաղեցնում, մեկ է, պատասխան են տալու, իսկ նրանք, ովքեր այսօր են պատասխանատու, դեռ ժամանակ ունեն, կարող են այդ հարցին լուծում տալ։ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգը տապալել է։ Ավելին ասեմ։ Երբ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն են առաջադրում, ինքը հրաժարական է տալիս, որ իրավունքի ուժով ԱԺ-ն ցրվի, երկրորդ անգամ են թեկնածություն առաջադրում, նորից հրաժարական է տալիս։ Այնուհետև ցրվում է Ազգային ժողովը, և Նիկոլ Փաշինյանը նորից հայտնվում է վարչապետի աթոռին։ Ինքը հրաժարական տված պաշտոնյա է եղել այդ ժամանակ։ Այդ օրերին, մինչև վարչապետի նոր ընտրություն՝ ԱԺ ձևավորվելուց հետո եղել է իշխանության բռնազավթում։ Դա նույնն է, որ փողոցից ցանկացած մարդ նստեր ու ասեր՝ ես վարչապետ եմ։ Սա էլ՝ ևս մեկ հոդված, որն է՝ իշխանության բռնազավթում։ Եվ նորից եմ ասում։ Այսօր պետք է րոպե առաջ ժողովուրդը և նրանք, ովքեր քվե են տվել Փաշինյանի կուսակցությանը, պետք է վայրկյան առաջ պահանջեն, որ իրավապահ մարմինները հարուցեն համապատասխան քրեական գործեր և բոլորին պատասխանատվության ենթարկեն։ Բոլորին, ովքեր թույլ են տվել, որ վարչապետը հրաժարականից հետո նստի վարչապետի աթոռին, նրանց, ովքեր դատարաններ են շրջափակել։ Բոլորի վրա պետք է քրեական գործեր հարուցվեն։
– Հիմա շատ են խոսում Սասուն Միքայելյան-Նիկոլ Փաշինյան հարաբերությունների սրացման մասին։ Իշխանական կուլիսներից արտահոսքերը և Սասուն Միքայելյանի հայտարարություններն էլ կարծես թե հաստատում են այդ փաստը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս լարվածությունը։
– Սասուն Միքայելյանը ցանկություն է ունեցել, որ լավ երկիր ունենա, բայց երևի նա արդեն գործով, պրակտիկ հասկացել է, թե ուր է տանում Նիկոլ Փաշինյանը երկիրը։ Համոզված եմ, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն էլ է դա հասկացել։ Հիմա ես չեմ կարող ասել՝ Նիկոլ Փաշինյանը նրան պարտադրե՞լ է հրաժարականի դիմում գրել, թե՞ Արթուր Վանեցյանն ինքն է կամավոր դիմում գրել։ Այդ հարցերի պատասխանն ինքը՝ ԱԱԾ նախկին տնօրենը կտա, ես չեմ կարող գնահատական տալ, բայց կողքից, հեռակա այն տպավորությունն է, որ այդ մարդիկ հասկացել են՝ երկիրը կործանման է գնում։ Նրանք ճանապարհ անցած մարդիկ են, լումա ունեն այս երկրում։ Սասուն Միքայելյանը ջոկատ է ունեցել, մարդիկ կռվել են արժանապատիվ հայրենիք ունենալու համար։ Ու էլի եմ ասում, մարդիկ ցանկություն են ունեցել լավ երկիր ունենալ, բայց այսօր չեն տեսնում այդ ճանապարհը։
– Հավատո՞ւմ եք ՆԳ նախկին նախարար Հայկ Հարությունյանի ինքնասպանության վարկածին։
– Ես հեռակա չեմ կարող որևէ գնահատական տալ։ Ինձ համար շատ ծանր է ինքնասպանության փաստն ընդհանրապես։ Չեմ էլ ուզում լսել այդ մասին։ Ես Հայկ Հարությունյանի անցած ճանապարհը գիտեմ, տեղյակ եմ։ Լաչինի շրջանում Ղոչազ սար կար, այնտեղ նա ստորաբաժանում էր պահում, այդ ժամանակներից գիտեմ նրան։ Ես, ճիշտն ասած՝ չգիտեմ՝ Փաշինյանը ցավակցե՞լ է նրա ընտանիքին, ներկա եղե՞լ են իշխանությունները, պատգամավորները։
– Վերջերս աղմկահարույց արտահայտություն էիք արել մարտի 1-ին ժողովրդի վրա կրակողների ու կազմակերպիչների վերաբերյալ։ Վերահաստատո՞ւմ եք այն։
– Միանշանակ պնդում եմ։ Այն տեսաձայնագրությունները, որոնք կան համացանցում, այն խոսակցությունները, որոնք շրջում են հանրության մեջ, անզեն աչքով խոսում են այն մասին, որ կազմակերպիչը Լևոն Տեր-Պետրոսյանն է, կյանքի է կոչել Նիկոլ Փաշինյանը՝ այն խմբով, որին մենք բեմերում տեսնում ենք։
Հիմա կարող են ասել, թե ես սրա կամ նրա մարդն եմ, բայց ես իմ տրամաչափով ու ապրած կյանքով կամ այնքան, որ ոչ մեկի մարդը չլինեմ. ես իմ ժողովրդի մարդն եմ։ Եվ պետք է ասեմ, որ այն, ինչ ասում են ՀՀ երկրորդ նախագահի մասին, որևէ կերպ իրականությանը չի համապատասխանում։
Ես դեռևս հունվարի 28-ին Եռաբլուրում ասել եմ, թե ինչ է նշանակում՝ սահմանադրական կարգի տապալման փորձ, ինչու են ասում, որ Տիգրան Աբգարյանին սպանել են, որ արտակարգ դրություն մտցնեն։ Հիմա տեսնում եք, որ իմ ասածները իրականությանը համապատասխանում են։ Եվ մենք տեսանք, որ Հայաստանում ընդհանրապես չի գործում որևէ օրենք։ Իրավապահ մարմինները, բոլոր ուժային կառույցները ղեկավարվում են անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ «օրենքը ես եմ» կարգախոսով։
ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ