
Եվրախորհրդարանականները մերժել են Հունգարիայի և Ռումինիայի թեկնածուներին Եվրահանձնաժողովի նոր կազմում

Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները մերժել են Ռումինիայի եւ Հունգարիայի թեկնածուներ Ռովանա Պլումբին եւ Լասլո Տրոչանին Եվրահանձնաժողովի (ԵՀ) նոր կազմի պաշտոններում՝ «շահերի բախման» պատճառով: Օրենսդիրների քվեարկությունը կայացել է սեպտեմբերի 30-ին Բրյուսելում, որտեղ սկսվել են եվրակոմիսարների պաշտոնների թեկնածուների հրապարակային ունկնդրումները։
ԵՀ-ի նշանակված նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը սեպտեմբերի 10-ին հրապարակել էայդ մարմնի նոր կազմը, որը պետք է աշխատանքն սկսի նոյեմբերի 1-ին: Այսպես, ռումինուհին հավակնում էր տրանսպորտի եվրակոմիսարի պաշտոնին, իսկ Հունգարիայի արդարադատության նախկին նախարարը պետք է զբաղվեր Եվրամիության ընդլայնմամբ եւ հարեւանության քաղաքականությամբ: Այժմ, երբ պատգամավորները մերժել են նրանց թեկնածությունները, ֆոն դեր Լյայենը պետք է «ելք գտնի» Եվրախորհդարանի ղեկավար Դավիթ Սասոլիի հետ, պարզաբանել են ԵՀ-ում։
Ինչպես ՏԱՍՍ-ին պարզաբանել է ԵՀ-ի աղբյուրը, ԵԽ-ում քվեարկության արդյունքները չեն նշանակում, թե Պլումբը եւ Տրոչանին միանգամից ջնջված են թեկնածուների ցուցակից: «Հնարավոր է, որ կողմերին հաջողվի կարգավորել այդ «շահերի բախումը», եւ այդ ժամանակ նրանց թեկնածությունները հավանության կարժանանան: Իսկ եթե ոչ, ապա այդ դեպքում ֆոն դեր Լյայենը պետք է նոր թեկնածուների ներկայացնի այդ երկրներից»,- նշել է նա: Հավելենք, որ նոր Եվրահանձնաժողովում կլինի 27 եվրակոմիսար՝ մեկական Եվրամիության յուրաքանչյուր երկրից, բացառությամբ Մեծ Բրիտանիայի, որը պետք է Միությունը լքի մինչեւ հոկտեմբերի 31-ը, այսինքն՝ մինչեւ նոր Եվրահանձնաժողովի աշխատանքի սկսվելը: