Բաժիններ՝

«Արդյո՞ք կարևոր է, թե Ծնողիդ որտեղ ես հանդիպում». Անահիտ Մենեմշյան

Արևմտահայ տատի ու պապի ընտանիքում ստացած դաստիարակությունը, նիստն ու կացն են ձևավորել մեր հերոսուհու տեսակը: Մանկության ամենալավ հիշողությունների, հոգևոր դաստիարակության և արժեքների, ներկայում ունեցած տեսլականների և մի շարք հարցերի շուրջ զրուցել ենք Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի փոխդեկան Անահիտ Մենեմշյանի հետ:

Երբ ես ծնվեցի…

– Ծնվեցի արևմտահայ տատ ու պապի ընտանիքում… Պապիկս հոր կողմից ուրֆացի էր, մոր կողմից՝ հույն, տատիկիս ծնողները ադանացի էին: Ու, բնականաբար, հնչում էր շատ քաղցր արևմտահայերենը, երբեմն (երբ չէին ցանկանում որ հասկանայինք)՝ հունարենը: Ուտեստները, նիստուկացը, կենցաղը, մտածելակերպը, ամենը տարբեր էր. շատ հյուրեր, տարբերվող, համեղ ուտեստներ, սեր ու խստության անհրաժեշտության բացակայություն: Ի՞նչ ասեմ…, ինձ լավ էի զգում երբ ծնվեցի (ժպտում է):

Երբեմն կարոտում եմ մանկությունս…

– Լինում են նման պահեր: Բայց մանկությունը դեռ սահմանել է պետք: Որոշ իմաստով մեր մանկությունը շարունակվում է, քանի դեռ վայելում ենք ծնողների հոգածությունը, սերը, ջերմությունը, խորհուրդները: Տարիքային փուլը, որ կոչվում է մանկություն ինձ համար հենց այդ բնութագիրն ունի:

Մեր ընտանիքում միշտ…

– Եթե փորձեմ ընդհանրություններ գտնել ժամանակի ընթացքի մեջ, ապա պիտի առանձնացնեմ դրվագներ, որոնք թերևս նորից սիրո ու հոգածության հետ կապ կունենան. երբ կարիք չունես խնդրելու՝ արդեն կողքիդ են, երբ բացատրելու անհրաժետություն չկա, երբ նշանակություն չունեն տեսակդ, հայացքներդ, վարքդ, այն իրավիճակը, որում հայտնվել ես, երբ քեզնից շատ ավելի մտահոգ են քեզ հետ կապված յուրաքանչյուր մանրուքի կամ շատ կարևոր իրողությունների համար: Եվ խոսքս ընտանիքի ավելի մեծ շրջանակ է ներառում, քան ամուսին, երեխաներ, մայր, հայր, քույր: Ես անչափ շնորհակալ եմ Աստծուն դրա համար:

Լավագույն դասը, որ քաղել եմ ծնողներիցս…

– Շատ կուզենայի ծնողներիս օրինակ/դասերը լիարժեք իրագործելու կամք ունենալ: Դժվար է: Չեմ կարծում, թե կարողանամ նույնքան անկարիք լինել, հանգստի, երբեմն անգամ առողջության հաշվին շրջապատին գոհացնել, այդ աստիճան հոգատար լինել ու արդարամիտ, եթե անգամ դա քեզ շատ վնասում է: Դժվար է:

Լրագրությունն իմ ինքնարտահայտման ուրույն ճանապարհն է…

– Լրագրության միջոցով ինքնարտահայտման ուղիները շատ են: Բացի այն, որ սա ստեղծագործական տիրույթ է, ուրեմն նաև ինքնարտահայտման ճանապարհ, լրագրությունը իր հետ առնչվողների մոտ ձևավորում է որոշակի մտածելակերպ, ազդում աշխարհընկալման, դիրքորոշումների, պահվածքի վրա, ձևավորում քննադատական մտածողություն: Ուրեմն և այն բոլոր ոլորտներում, որտեղ լրագրողը դրսևորվում է, լինի դա կենսագործունեության ցանկացած բնագավառ կամ անգամ կենցաղ, մասնագիտության հետքը անպայման երևում է:

Կյանքը լիարժեք է, երբ…

– Կյանքը միշտ լիարժեք է, մնացյալը մեր պատկերացումներն են այդ կյանքի մասին:

Կյանքիս դժվարությունները հաղթահարելիս սովորում եմ…

– Մարդը միշտ է սովորում՝ դժվարություններից, հաջողություններից, շրջապատից, գրքերից, բնությունից: Դժվարությունների հիմնական առավելությունը ուժեղ լինելու արվեստի յուրացումն է: Դրանք օգնում են, որ գնահատենք կյանքի դրական կողմը, որ պահը վայելելու կարևորությունը զգանք, որ ճիշտ ապրելու կերպը հասկանանք: Թերևս ոչինչ պատահական չի լինում…

Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ…

– Աշխատում եմ միշտ առաջ նայել: Այն ամենը ինչ հետևում է, արդեն մերն է ու մեզ հետ, ուրեմն և հետ նայելու անհրաժեշտություն չկա: Կարևորն այն է, ինչ առջևում է:

Հոգևոր կյանքիս վրա մեծապես ազդել է…

– Հոգևոր կյանքիս վրա նախ և առաջ ազդել են մանկության տարիներին տատիկիս սովորեցրած աղոթքները, մորս աղոթքները ամեն օր քնելուց առաջ: Հետո արդեն, ավելի հասուն տարիքում, մեծ դեր ունեցավ Հայր Աթանասի հետ Բերձորի գյուղերում ադրբեջանցիների կողմից գոմերի վերածված եկեղեցիներ այցելելը և օծման արարողություններին ներկա գտնվելը: Ի վերջո, մասնագիտությունս, որը թույլ տվեց լրագրողի աչքերով նայել կրոնական որոշ հարցերի. դեռևս 3-րդ կուրսում էի, երբ հարցազրույց վարեցի աղանդավորության թեմայով: Ձևաչափն ընտրված էր այնպես, որ վիճելի հարցերին պատասխանում էին աղանդավորական խմբերից մեկի և Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները: Եվ այս համադրության մեջ շատ պարզ էր երևում աղանդավորական գաղափարների սին լինելը, տրվում էին շատ հարցերի պատասխաններ. ինչու՞ պետք է խաչը ընկալել ոչ թե Քրիստոսի չարչարանքի, այլ մարդկության փրկության գործիք, ինչու՞ պետք է հաճախել եկեղեցի, մոմ վառելն ի՞նչ խորհուրդ ունի և այլն:

Աստծուն ամենաշատը մոտ եմ զգում, երբ…

– Կարծում եմ՝ Աստված միշտ մեզ շատ մոտ է: Պարզապես որևէ սխալ քայլ անելիս մենք ինքներս մեզ արժանի չենք զգում այդ մոտիկությունը զգալու:

Քաղաքում կա մի եկեղեցի, որն ամենասիրելին է…

– Չեմ կարծում, թե որևէ գործոն կարող է ազդել այն զգացողությունների վրա, որ ունենում ենք եկեղեցու ներսում: Արդյո՞ք կարևոր է, թե ծնողիդ որտեղ ես հանդիպում:

Մարդկությունն այսօր կարիք ունի…

– Մարդկության կարիքների նյութականացման միֆի ստեղծումը նաև մեդիադաշտի մեղավորություն է, որն էլ, իր հերթին առավել կոմերցիոն նպատակների արդյունք է: Մինչդեռ մեր իրական կարիքները բոլորովին այլ են: Թերևս մեր կարիքների ցուցիչը մեր զգացողություններն են. ինչի՞ց ենք մենք իրոք, սրտանց ուրախանում, մեզ երջանիկ զգալուն ի՞նչն է նպաստում:

Մարդը սկսում է մահանալ, երբ…

– Թերևս հարցը 2 պատասխան ունի: Մարդը մարմին է և հոգի, իսկ հոգին անմահ է: Կյանքը շատ անիմաստ կլիներ, եթե շարունակականության իմաստ չունենար: Իսկ մյուս կողմից, մարդուն սպանելու ամենակարճ ճանապարհը նրան ինքնիրացվելու հնարավորությունից զրկելն է: Մարդն ապրում է քանի դեռ արարում է. մասնագիտության մեջ թե խոհանուցում, պարտեզում կամ թոռնիկի հետ խաղի ընթացքում, նշանակություն չունի: Մարդը ապրում է քանի դեռ անհրաժեշտ է. անպետքության զգացողությունը կործանարար է: Որոշ դեպքերում, մարդու ֆիզիկական գոյության դադարը նրա ինքնիրացվելու հնարավորությունների ավարտի միակ լուծումն է: Դաժան է, բայց այդպես է…

Աստվածաշնչից ինձ համար առանձնացնում եմ…

– Աստվածաշունչը բարդ ստեղծագործություն է: Այն դժվար է ընթերցվում և մտապահվում, թերևս նաև այս պատճառով է, որ շատերիս համար Նրա ուժը միայն բովանդակությունը չէ: Եվ մենք հաճախ վերադառնում ենք Աստվածաշնչին երբ դժվարության մեջ ենք, երբ ունենք վախեր, կամ հիվանդություններ: Հաճախ ապավինելով սուրբ գրքի պաշտպանիչ ուժին, բայց երբեմն նաև Աստվածաշնչում ենք փորձում գտնել փորձություններին դիմակայելու ձևերը: Ասել է թե՝ մեր կյանքի տարբեր դրվագներին համապատասխան ամեն անգամ տարբեր էջեր ենք առանձնացնում: Սպեղանիի նման է Աստվածաշունչը. ամեն անգամ վերցնում ես այն խորհուրդը, պատվիրանը կամ դրվագը, որը քեզ հենց այդ անգամ է անհրաժեշտ բժշկվելու համար:

Խորհուրդներ, որոնք կցանկանայի տալ բոլորին․․.

– Չեմ կարծում, թե իրավունք ունեմ խորհուրդներ տալու բոլորին: Պարզապես բոլորս փորձենք ուրախ լինել, ուրախացնել և պահել աստվածաշնչյան պատվիրանները:

Զրուցեց Լիլիանա Օսիպյանը

Qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս