Սինգապուրի վարչապետը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Սեպտեմբերի 29-ին Սինգապուրի վարչապետը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ։
Լի Սյեն Լուն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ գրառում կատարեց հուշամատյանում։
«Հայ ժողովուրդը մեծ կամքի ուժ և տղամարդկություն է ցուցաբերել 1915թ. իրադարձություններից հետո։ Ցանկանում եմ ձեզ հավերժ վայելել խաղաղություն, անվտանգություն և ներդաշնակություն»,- գրել է վարչապետը։
Սինգապուրի վարչապետը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել տիկնոջ հետ։ Նրանց ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։
Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Հանրապետություն է ժամանել պաշտոնական այցով։
Լի Սյեն Լուն հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Կայացել է վարչապետների համատեղ մամուլի ասուլիսը։
Սինգապուրի վարչապետը հոկտեմբերի 1-ին Երևանում կմասնակցի Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որի ընթացքում նախատեսվում է ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությունը։