Բաժիններ՝

ՀՀ և Սինգապուրի վարչապետները քննարկել են հարաբերությունների զարգացմանն հարցերի լայն շրջանակ

Մեկնարկել է Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանում` Բաղրամյան 26-ում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը դիմավորել են Սինգապուրի կառավարության ղեկավարին և նրա տիկնոջը` Հո Չինին: Հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը, որից հետո պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը:

Լուսանկարման արարողությունից հետո սկսվել են երկու երկրների կառավարական պատվիրակությունների բանակցությունները: Ողջունելով Սինգապուրի գործընկերոջը Երևանում` վարչապետ Փաշինյանը նշել է. «Ձերդ Գերազանցություն, ես ջերմությամբ եմ հիշում վերջերս Սինգապուր կատարած մեր պատվիրակության պաշտոնական այցը, որն անցավ արդյունավետ և հիանալի մթնոլորտում: Մենք մեծապես կարևորում ենք Սինգապուրի հետ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը և համոզված ենք, որ Ձեր այցը Երևան կնպաստի մեր երկրների միջև բազմակողմանի համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը»:

Սինգապուրի վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Պարոն վարչապետ, Ձեր այցը մեր երկիր շատ արդյունավետ էր և մենք Երևան ենք եկել երկկողմ կապերին նոր ազդակ հաղորդելու նպատակով: Մենք կարևորում ենք Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը, այդ թվում` տնտեսության, գործարար կապերի զարգացման ուղղությամբ»,- ասել է Լի Սյեն Լունը:

Կողմերը համոզմունք են հայտնել, որ փոխադարձ բարձր մակարդակի այցելությունները կնպաստեն քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում գործակցությանը: Զրուցակիցներն անդրադարձել են դեռևս Սինգապուրում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքներին և արձանագրել, որ երկկողմ կապերը դինամիկ կերպով շարունակում են զարգանալ: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը և Լի Սյեն Լունը քննարկել են ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման, առևրտրաշրջանառության ծավալների ավելացման, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքը, այդ թվում` դատաիրավական, պետական կառավարման համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի, ներդրումային միջավայրի բարելավման և այլ ուղղություններով:

Սինգապուրի վարչապետը վերահաստատել է իր երկրի կառավարության աջակցությունը հայ գործընկերներին` տարբեր ոլորտներում փորձի փոխանակման և բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելու գործում:

Զրուցակիցները քննարկել են նաև բազմակողմանի համագործակցությանը, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ստորագրվելիք Համապարփակ տնտեսական համագործակցության համաձայնագրի շրջանակում: Նիկոլ Փաշինյանը և Լի Սյեն Լունը վստահություն են հայտնել, որ ինչպես վերոնշյալ, այնպես էլ Հայաստանի և Սինգապուրի միջև Ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին երկկողմ համաձայնագիրը նոր թափ կհաղորդեն երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ու այդ ուղղությամբ առկա մեծ ներուժի իրացմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս