Բաժիններ՝

Ֆրանսիայում լռության րոպե կհայտարարվի ի հիշատակ Ժակ Շիրակի

Ֆրանսիայի բոլոր պետական հիմնարկություններում ու դպրոցներում սեպտեմբերի 30-ին ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով 17:00-ին) լռության րոպե կհայտարարվի ի հիշատակ երկրի նախկին նախագահ Ժակ Շիրակի: Այդ մասին հայտնել է ֆրանսիական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սիբետ Նդիյայը:

«Երկուշաբթի օրն ազգային սգո օր է հայտարարված: Ժամը 15:00-ին լռության րոպե կկայանա պետական բոլոր հիմնարկություններում, ինչպես նաեւ դպրոցներում»,- ասել է Նդիյայը սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած բրիֆինգում:

Կառավարությունում նաեւ առաջարկել են սեպտեմբերի 30-ին պարապմունքներ անցկացնել եւ պատմել Շիրակի անձնավորության մասին: Արդեն տեղեկացվել է, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը հողին կհանձնվի Փարիզի Մոնպառնասի գերեզմանատանը, իր ավագ դստեր՝ Լորանսի կողքին: Ավելի վաղ Ելիսեյան պալատը հավաստել է, որ Ժակ Շիրակին համազգային հրաժեշտի արարողությունը կանցկացվի Ֆրանսիայի մայրաքաղաքի յոթերորդ օկրուգում՝ Հաշմանդամների տան առջեւ կիրակի՝ սեպտեմբերի 29-ի կեսօրին: Տեղն ու ժամանակն ընտրել են սեպտեմբերի 26-ին մահացած 86-ամյա քաղաքական գործչի հարազատները:

Ինչպես նախօրյակին հայտնել էՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, սեպտեմբերի 30-ին ամբողջ երկրում հայտարարվելու է սգո օր, իսկ վեցերորդ օկրուգի Սեն Սյուլպիս եկեղեցում տեղի կունենա հրաժեշտի ծիսակատարությունը, որին ներկա կլինեն ներկայիս նախագահը, ինչպես նաեւ այլ պետությունների ղեկավարներ: Ժակ Շիրակը ծնվել է 1932 թվականի նոյեմբերի 29-ին Փարիզում խոշոր բանկիրի ընտանիքում:

Կրթություն է ստացել Փարիզի պոլիտեխնիկական գիտությունների ինստիտուտում: Նա Ֆրանսիան գլխավորել է 12 տարի՝ 1995-ից մինչեւ 2007 թվականը: 2005 թվականին քաղաքական գործչի մոտ ախտորոշվել էր սիրտ-անոթային համակարգի հիվանդություն: 2016 թվականին նրա առողջությունը կտրուկ վատացել էր ավագ դստեր մահվանից հետո: Վերջին երեք տարվա ընթացքում նա չէր մասնակցում պաշտոնական արարողություններին, հազվադեպ էր այցելուներ ընդունում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս