Բաժիններ՝

Ժակ Շիրակին հողին կհանձնեն Փարիզի Մոնպառնասի գերեզմանատանը

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը հողին կհանձնվի Փարիզի Մոնպառնասի գերեզմանատանը: Այդ մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով նախկին նախագահի դստեր խոսքերը:

Ավելի վաղ Ելիսեյան պալատը հավաստել է, որ Ժակ Շիրակին համազգային հրաժեշտի արարողությունը կանցկացվի Ֆրանսիայի մայրաքաղաքի յոթերորդ օկրուգում՝ Հաշմանդամների տան առջեւ կիրակի՝ սեպտեմբերի 29-ի կեսօրին: Տեղն ու ժամանակն ընտրել են սեպտեմբերի 26-ին մահացած 86-ամյա քաղաքական գործչի հարազատները: Առայժմ բաց է մնում այն հարցը, թե արդյոք հանգուցյալ նախկին նախագահի մարմինն ամփոփող դագաղը կդրվի համընդհանուր դիտման: Այժմ իշխանությունները մշակում են միջոցառման մանրամասները, ավելի ստույգ տեղեկատվությունն սպասվում է օրվա ընթացքում:

Ինչպես նախօրյակին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, սեպտեմբերի 30-ին ամբողջ երկրում հայտարարվելու է սգո օր, իսկ վեցերորդ օկրուգի Սեն Սյուլպիս եկեղեցում տեղի կունենա հրաժեշտի ծիսակատարությունը, որին ներկա կլինեն ներկայիս նախագահը, ինչպես նաեւ այլ պետությունների ղեկավարներ: Ժակ Շիրակը ծնվել է 1932 թվականի նոյեմբերի 29-ին Փարիզում խոշոր բանկիրի ընտանիքում:

Կրթություն է ստացել Փարիզի պոլիտեխնիկական գիտությունների ինստիտուտում: Նա Ֆրանսիան գլխավորել է 12 տարի՝ 1995-ից մինչեւ 2007 թվականը: 2005 թվականին քաղաքական գործչի մոտ ախտորոշվել էր սիրտ-անոթային համակարգի հիվանդություն: 2016 թվականին նրա առողջությունը կտրուկ վատացել էր ավագ դստեր մահվանից հետո: Վերջին երեք տարվա ընթացքում նա չէր մասնակցում պաշտոնական արարողություններին, հազվադեպ էր այցելուներ ընդունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս