Ինչպես փչացնել հարաբերությունները բոլորի հետ

Նայում եմ  միջազգային լրահոսի կադրերը՝ կոնգրեսական Ադամ Շիֆը նախագահ Թրամփի իմպիչմենտի առաջամարտիկներից է։ Թրամփը արձագանքում է. «Կոնգրեսում տեղի ունեցողը ամոթ եւ խայտառակություն է մեր երկրի համար: Նորից գործի է դրվել «վհուկների որսի» մեխանիզմը: Եւ նորից նույն մարդիկ: Ադամը Շիֆը եւ իր մարդիկ: Նրանք հորինում են պատմություններ, իսկ հետո կեղծավոր դեմքով փորձում, ինչպես իրենք են ասում՝ «հետաքննել»»։

Սա այն Ադամ Շիֆն է, որին Նիկոլ Փաշինյանը հրավիրում է Լոսի իր հանրահավաքին, հետը սելֆի անում  ու ելույթի հրավիրում։

Ավելի պարզ՝ ՀՀ վարչապետը ԱՄՆ-ում ցուցադրական մտերմություն է անում եւ իր հրապարակային միջոցառումը կիսում ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի ամենաոխերիմ հակառակորդի հետ։

Ավելի վաղ արվել է եւս մեկ ոչ խոհեմ քայլ։ Հոկտեմբերի 1-ին Երեւան է  ժամանելու Իրանի նախագահ Ռոհանին՝ մասնակցելու ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Դրանից օրեր առաջ պաշտոնական Երեւանը հայտարարում է, որ Իսրայելում դեսպանատուն է բացում։ Պետք է լիներ բացարձակ «Պողոս», որպեսզի Իրանի նախագահի Երեւան այցից օրեր առաջ նման հայտարարություն անել։ Կարելի էր չէ՞ դա անել գոնե տասը օր հետո։ Իրանը հին պատմություն եւ հին դիվանագիտություն ունեցող պետություն է եւ պարտավոր չէ, ամեն անգամ հասկանալ, թե ում հետ գործ ունի, մեղմ ասած, պատահականությունների։

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն Աննայի PR-մենեջերը չէ միայն, եւ ճիշտ կաներ այս ամենը նախապես իր շեֆին ասեր։ Ինչո՞ւ չի ասում՝ շառից փորձանքից հեռու տրամաբանությա՞մբ:

ԱՄՆ-ում Ադամ Շիֆի հետ հանրահավաք անելը  նույնն է, թե գնաս Մոսկվա ու մասնակցես Նավալնիի միտինգին։ Մյուս կողմից՝ այսօրվա իշխանություններից դա էլ է սպասելի։

Եթե հնարավոր է մեկ տարում հասնես Ռուսաստանի հետ հիբրիդային պատերազմի շեմին, երբ նույնիսկ միջին կարգի գործարարի է « հուշված» Հայաստանում ներդրումներ չանել, երբ Լարսում հազարից ավելի մեքենաներ են «տեխնիկական» պատճառներով կանգնած, երբ ռուսական երկաթուղին վաղաժամ ցանկանում է խզել հայակական երկարթուղու շահագործման պայմանգիրը, ապա …

Հայաստանի իշխանության ներկայացուցիչները կամ միջազգային հիմնադրամների հետ Ռուսաստան գունավոր հեղափոխություն են արտահանում կամ ինտենսիվ շփումների մեջ են հակապուտինյան շրջանակների հետ կամ Պուտինին են բռնել տալիս Երեւանում։ Մի օր էլ Նավալնիի հետ Փաշինյանը սելֆի կանի։

Սրանք մանր կիքսեր չեն. սրանք պետության անվտանգությանը սպառնացող գործողություններ են՝ գրագիտության պակասից  դրդված, թե միտումնավոր՝ ես չգիտեմ։

Մարինե Սուքիասյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Տեսանյութեր

Լրահոս