Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ

Նյու Յորքում սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ քարտուղարության և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության միջև համագործակցության ծրագրերի շուրջ: Նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ քարտուղարության հետ տարբեր բնագավառներում համագործակցությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ «Հայաստանի հետ համագործակցության ծրագրի» շրջանակներում փոխործակցության հնարավորություններին, ինչպես նաև կարևորեցին ԵԱՀԿ բոլոր երեք հարթություններում համատեղ ծրագրերի իրականացումը։

Գլխավոր քարտուղարի խնդրանքով՝ ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին, մասնավորապես սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ կայացած հանդիպմանը:

Երկուստեք դրական է գնահատվել վերջին ամիսներին լարվածության հարաբերական նվազումը։ Նախարար Մնացականյանն ընդգծել է, որ հայկական կողմը կարևորում է զինադադարի ամրապնդման և լարվածության նվազեցման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը՝ ներառյալ համապատասխան մեխանիզմների ներդրումը և ամրապնդումը։ Շեշտվել է նաև վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ հետևողական քայլերի անրաժեշտությունը, այդ թվում՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման միջոցով:

Տեսանյութեր

Լրահոս