«Հեռացավ մեր պատմության մի մասը». Արմեն Գևորգյան

Տեղեկացա Ժակ Շիրակի մահվան մասին։ Ափսոսանք ու տխրություն համակեց ինձ, քանի որ հենց այս մարդու հետ էր կապված ժամանակակից Հայաստանի պատմության ամենավառ էջերից մեկը։ Անմիջապես հիշեցի, թե ինչպես ես՝ քսանչորս տարեկան տղա, վարչապետ Քոչարյանի պատվիրակության կազմում առաջին անգամ տեսա նախագահ Շիրակին։ Այն ժամանակ մտածում էի՝ մի՞թե սա ինձ հետ է կատարվում։ Հետո արդեն նվազ զգացմունքային տպավորություններ էին. «Նա յուրահատուկ մարդ է»։ Հետագայում այդ յուրահատուկ լինելը դրսևորվում էր նախագահներ Քոչարյանի և Ալիևի հետ ղարաբաղյան հարցի քննարկումը հմուտ, իմաստուն և նրբանկատ վարելու մեջ։ Ժակ Շիրակի պես ծանրակշիռ հեղինակությանն էր հաջողվում բանակցությունները տանել այնքան նրբանկատ կերպով, որ չէր առաջացնում մյուս գերտերությունների և տարածաշրջանային խաղացողների խանդը։

Հենց այս մարդու հետ հանդիպումներից հետո ես գիտակցեցի հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև յուրահատուկ քիմիայի առկայությունը։ Պաթետիկ չի լինի, եթե ասեմ, որ հատկապես Ժակ Շիրակի շնորհիվ Եվրոպան իր համար բացահայտեց ժամանակակից անկախ Հայաստանը։ Հենց նրա ջանքերով Ֆրանսիան ընդունեց և օրենսդրորեն դատապարտեց հայերի ցեղասպանությունը։ Հատկապես նրա հրավերով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետական այցով եղավ Ֆրանսիայում։

Ժակ Շիրակի օրոք էր՝ 2005-ին, երբ կազմակերպվեց Հայաստանի տարին Ֆրանսիայում, որն անցավ նախագահ Շիրակի անմիջական աջակցությամբ։ Նրա նախագահության օրոք բացվեց Կոմիտասի արձանը Փարիզում։ Ինքն էր առաջիններից մեկը հին Եվրոպայի ղեկավարներից, որ 2006-ին պետական այցով եղավ Հայաստանում։ Շիրակի հետ ամեն ինչ բարեհաջող էր ավարտվում, և եթե անգամ կոնկրետ արդյունք չէր լինում, դու հեռանում էիր այդ արդյունքի մեծ հույսով։

Միշտ անհամբեր էինք սպասում նրա հետ հերթական հանդիպմանը։ Ափսոս, որ հեռանում են այսպիսի մարդիկ։ Նրանք պարզապես անձինք չեն. նրանք պատմություն են՝ պատմություն, որը չի սահմանափակվում Ֆրանսիայի սահմաններում։

Այդ պատմությունն ուղղակի առնչվում է մեր նորանկախ պետության հետ։ Երբ նրանք մեր կողքին են, անգամ՝ քաղաքականությունից դուրս, միշտ այն զգացումը կա, թե կփրկեն քեզ պոտենցիալ աղետից իրենց մի ներկայությամբ նույնիսկ։ Միայն իրենց մահից հետո ես սկսում հասկանալ, թե ինչպիսի նշաձողի պիտի ձգտեն եվրոպական և համաշխարհային առաջնորդների նոր սերունդները։ Իսկ պետականության դեռևս կայացման շրջանում գտնվող երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, կարևոր է ձեռք բերել Շիրակի պես ընկերներ՝ երկրի համար բարդ պահերին աջակցության և իմաստուն խորհրդի ակնկալիքով։

Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ 

 

Տեսանյութեր

Լրահոս