«Ամեն ինչ հիմնված է կամավորության սկզբունքի վրա». Ռուստամ Բադասյանը՝ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ 2020 թվականին ձևավորվելու է մասնագիտական խումբ, որը զբաղվելու է սահմանադրական փոփոխությունների նախագծմամբ։ Ըստ նախարարի, խմբի անդամները լինելու են ապաքաղաքական, ուստի հնարավոր է դրանով լուծել ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը։

Անդրադառնալով այն տեսակետին, որ պետք է միավորել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները և ստեղծեն մեկ գերագույն դատարան և արդյո՞ք սահմանադրական փոփոխություններով նման բան նախատեսված է՝ Ռուստամ Բադասյանը նշեց, որ մասնագիտական խումբը պետք է որոշի։

«Ունենք վատ օրինակ, երբ գործող իշխանությունն ինքն է որոշել՝ ինչը պետք է փոխի, ինչը՝ ոչ։ Մենք նույն ճանապարհով չենք գնալու և թողնելու ենք, որպեսզի մասնագիտական հանրույթը որոշի, արդյո՞ք տեսնում է այն նախադրյալները, որ գնա նման փոփոխության։

Հարցի հետ կապված ինքս ունեմ իմ կարծիքը, բայց չեմ ցանկանում որևէ կերպ կանխորոշել այդ մասնագիտական խմբի աշխատանքները»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռուստամ Բադասյանը։

Անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին կոչերին, Արդարադատության նախարարն ասաց, որ այդ նախաձեռնությունը հիմնված է եղել կամավորության սկզբունքի վրա և եթե ցանկություն լինի կարող են դատավորներն ընտրել, կամ՝ ոչ։

Նա նաև նկատեց, որ այս նախաձեռնությունը եվրոպական կառույցները չեն կարող դիտարկել որպես ճնշում դատավորների վրա, քանի որ ամեն ինչ հիմնված է կամավորության սկզբունքի վրա։

«Իմ կարծիքով՝ այստեղ իրավունքի որևէ խախտում չի կարող լինել»,- շեշտեց նա։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս