Բաժիններ՝

Վրաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը հուսադրում է. ԵԱՀԿ-ի ղեկավար

ԵԱՀԿ-ի նախագահ Միրոսլավ Լայչակը դրական է գնահատել Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում Վրաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Դավիթ Զալկալիանիի եւ Սերգեյ Լավրովի հանդիպման փաստը։

Դա 2008 թվականի օգոստոսի պատերազմից հետո նման մակարդակի առաջին հանդիպումն էր: Զալկալիանին եւ Լավրովը քննարկել են երկկողմ օրակարգի հրատապ հարցերը: Մասնավորապես, վրացական կողմն արծարծել է երկրի տարածքային ամբողջականության վերականգնման հարցը:

«Շվեյցարացի միջնորդների օժանդակությամբ Վրաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը կարեւոր է. այն ցույց է տալիս, որ կա այն բանի հույսը, որ կառուցողական երկխոսությունը կարող է նվազեցնել լարվածությունը եւ ամրապնդել կայունությունը ի բարօրություն ԵԱՀԿ-ի տարածաշրջանի բոլոր մարդկանց»,- գրել է Լայչակը Twitter-ում:

Ինչպես նշել է Զալկալիանին, Վրաստանը Լավրէովի հետ հանդիպում անցկացնելու շվեյցարական կողմի առաջարկին համաձայնել է եվրոպական ու ռազմավարական գործընկերների հետ խորհրդակցելուց հետո: Նրա խոսքով՝ դա «առաջին հնարավորությունն էր ուղղակիորեն Ռուսաստանին ասելու այն, ինչ մենք ցանկանում էինք ասել, այսինքն՝ ճշմարտությունը, որը կապված է վարչական սահմանում ստեղծված ծանր իրադրության հետ»: Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարարը «Կոմերսանտ» թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ գոյություն ունեցող հարաբերություններն էլ ավելի կվատանան, եթե Վրաստանն անդամակցի դրան:

«Մենք պատերազմ չենք սկսի, դա ես ձեզ խոստանում եմ: Բայց մեր հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի եւ այն երկրների հետ, որոնք իրենց առաջին գերակայությունն են դարձնում դրան անդամակցելը, լրջորեն կվնասվեն»,- ասել է նա: Լավրովը նաեւ նշել է, որ Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը ճիշտ որոշում կլիներ, քանի որ այդ երկրի քաղաքացիների մեծամասնությունը գիտակցել է ավելի վաղ տեղ գտած հակառուսական սադրանքների անարդյունավետությունը: «Ես, հավանաբար, կվերականգնեի այդ թռիչքները: Ինձ թվում է, որ դա ճիշտ կլինի այն բանից հետո, երբ վրաց բնակցության մեծամասնությունը գիտակցեց այն արարքի հակարդյունավետությունը, որը տեղի ունեցավ վրացական խորհրդարանում, երբ այնտեղ նիստ էր անցկացնում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը»,- ասել է նախարարը: Լավրովն ընդգծել է, որ միշտ էլ հանդես է եկել Ռուսաստանի եւ Վրաստանի բարեկամության օգտին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս