ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են փախստականների ընդունման սահմանաքանակը նվազեցնել մինչև 18 հազար
ԱՄՆ-ի վարչակազմն առաջարկում է 2020 ֆինանսական տարում (սկսվում է հոկտեմբերի 1-ից) փախստականների ընդունման սահմանաքանակը նվազեցնել մինչեւ18 հազար: Այդ մասին հաղորդվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության՝ սեպտեմբերի 26-ին տարածված հայտարարության մեջ:
«Միացյալ Նահանգներն սպասում է 2020 ֆինանսական տարում ստանալ փախստականի եւ ապաստան խնդրողի կարգավիճակի տրամադրման ավելի քան 368 հազար նոր դիմում: Այդ թվից մենք առաջարկում ենք տարաբնակեցնել 18 հազար ապագա փախստականների՝ ընդունման նոր սահմանաքանակին համապատասխան»,- նշված է փաստաթղթում: 2019 ֆինանսական տարում այդ սահմանաքանակը կազմել է 30 հազար:
Բացի դրանից, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 26-ին ստորագրել է կատարողական հրամանագիր, որի համաձայն երկրի տարածքում փախստականների տարաբնակեցումը պետք է կատարվի առավելապես տեղական իշխանությունների եւ նահանգների իշխանությունների համաձայնությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: