Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի ԳԱ-ի ամբիոնից կոչ է արել ֆինանսական ճնշում գործադրել Իրանի վրա
Միջազգային հանրակցությունը պետք է ճնշում գործադրի Իրանի վրա, քանի որ նրա գործողություններն սպառնում են միջազգային տնտեսական եւ էներգետիկական կայունությանը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից այս հայտարարությամբ հանդես է եկել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ Ջուբեյրը:
Իր ամբողջ ելույթը նախարարը նվիրել է Աբքայքում եւ Խուրայսում Սաուդյան Արաբիայի Saudi Aramco ազգային նավթընկերության նավթային օբյեկտների վրա սեպտեմբերի 14-ն ձեռնարկված գրոհներին: «Մենք շատ լավ գիտենք, թե ով է կանգնած այդ ագրեսիայի հետեւում,- ընդգծել է նա:- Մենք ՄԱԿ-ին եւ միջազգային հանրակցությանը կոչ ենք անում ներկայացնելու այդ հանցագործին»:
Ալ Ջուբեյրը միջազգային հանրակցությանը հորդորել է գիտակցել, որ «ֆինանսավորման աղբյուրների փակումը լավագույն միջոցն է Իրանի վարչակարգին հարկադրելու դադարեցնել իր ռազմական ակտիվությունը, հրթիռային ծրագրի զարգացումը եւ տարածաշրջանում վերջ դնել իր ապակայունացնող ակտիվությանը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: