
Իշխանություններն անհանգստացած են Մանվել Գրիգորյանի առողջական վիճակով. ովքեր են նրան այցելում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները Դավիթ Տոնոյանի խոսքից հետո անհանգստացած են Մանվել Գրիգորյանի առողջական վիճակով։ Մանավանդ Հայկ Հարությունյանի դեպքից հետո չեն ուզում եւս մեկ «ինցիդենտ» լինի:
«Նաիրի ԲԿ»-ում գտնվող Գրիգորյանին բուժող բժիշկներից հետաքրքրվեցինք նրա առողջականով։ «Գտնվում է 24-ժամյա հսկողության տակ, որ բարդություններ չառաջանան` սրտի կանգ, թոքերի, շնչառական անբավարարություն, երիկամներում ազոտը թույլատրելիից չբարձրանա»:
Գեներալին հերթով խնամում են նրա որդեգրած, զոհված եղբոր որդիները` Արայիկն ու Սամվելը։ Նրանք գրությամբ դիմել են ՔԿՀ եւ խնամելու թույլտվություն ստացել:
Իսկ առողջապահության նախարարության ձեւավորած հանձնաժողովը հետազոտությունները կատարել է, սակայն վերջնական եզրակացությունը դեռ չի տալիս՝ սպասում են վարչապետը գա ԱՄՆ-ից, նոր նիստ գումարեն: Մոտ օրերս եզրակացությունը կլինի: Ի դեպ, Մ. Գրիգորյանը հիվանդատեսներ գրեթե չունի. ժամանակ առաջ նրան տեսության է գնացել Արամ Զավենի Սարգսյանը»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: