ՉԺՀ-ի ընկերություններն ԱՄՆ-ից խոզի մսի և սոյայի խոշոր մատակարարումների պարտավորագրեր են կնքել
Չինաստանի ընկերություններն ամերիկյան կողմի հետ կնքել են Միացյալ Նահանգներից խոզի մսի եւ սոյայի խոշոր մատակարարումների համաձայնագրեր՝ առանց համապատասխան արտադրանքի բարձրացված մաքսերով հարկման: Սեպտեմբերի 26-ին այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը։
«Որքան ինձ հայտնի է, վերջին ժամանակներս Չինաստանի ընկերությունները շուկայական սկզբունքների եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնների հիման վրա ուսումնասիրում են ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի առեւտրային առաջարկությունները: Արդեն կնքված են բավականին խոշոր խմբաքնակների սոյայի եւ խոզի մսի մատակարարումների գործարքներ»,- հայտնել է նա հերթական ճեպազրույցում:
Ներկայացուցչի խոսքով՝ ՉԺՀ-ի Պետխորհուրդն արդեն չեղարկել է ԱՄՆ-ից համապատասխան արտադրանքի ներմուծման բարձրացված սակագները:
«Չինաստանը եւ ԱՄՆ-ը փոխադարձաբար իրար լավ են լրացնում գյուղատնտեսության բնագավառում համագործակցելիս, մենք փոխգործակցության լայն ասպարեզ ունենք»,- հավելել է Գաո Ֆենը:
Նա նաեւ հույս է հայտնել, որ Պեկինը եւ Վաշինգտոնը կկարողանան վերացնել հակասությունները, ձեռնարկել իրական քայլեր, որոնց շնորհիվ շահավետ պայմաններ կստեղծվեն այդ ոլորտում հաջող համագործակցության համար, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: