Կառավարությունը ներդնում է Կարգավորման ազդեցության գնահատման ապակենտրոնացված համակարգ
Կառավարությունը հաստատեց Կարգավորման ազդեցության գնահատման ապակենտրոնացված համակարգի ներդրման հայեցակարգն ու դրանից բխող միջոցառումները։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ հայեցակարգի իրագործումը թույլ կտա սահմանել իրավական ակտերի մշակման առավել խիստ պահանջներ և որոշումների կայացման կանոնակարգված մոտեցումներ՝ հիմնավորված փաստերով և ծախսային հաշվարկներով։ Նախատեսվում է ընդլայնել կարգավորման գործընթացում հասարակության մասնակցությունը, նվազեցնել օրենսդրական ձախողումների ի հայտ գալու հավանականությունը և երկրում զարգացնել կարգավորման հաշվետվողական համակարգ։
Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ այս կարգավորումները կառավարության հիմնական ուղենիշներից են, կարևոր ինստիտուտ է ներդրվում։
«Կարծում եմ, որ իրավական կարգավորումները, այն որոշումները, որոնք ընդունում է կառավարությունը, այն օրենքները, որոնք հաստատում է Ազգային ժողովը, խոսքը խոշոր փաթեթների մասին է, որոնք էապես ազդում են տնտեսության ճյուղերի վրա, պետք է հիմնավոր ազդեցության գնահատման ենթարկվեն։ Եվ մենք բոլորս պետք է տեղեկացված որոշումներ կայացնենք և իմանանք այդ որոշումների գինն ինչ է՝ տնտեսական, ֆինանսական առումով, շրջակա միջավայրի վրա ինչ ազդեցություն կունենան»,- ասաց Ավինյանը։