«Նա լուրջ, հատուկ խառնվածք ունեցող սկզբունքային անձնավորություն էր. Ամուր նյարդեր ուներ, շատ ամուր». Ալիկ Սարգսյանը՝ Հայկ Հարությունյանի մահվան մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի խոսքով՝ իր գործընկեր Հայկ Հարությունյանը հիմնականում ապրել է Կոտայքի մարզի Արզնի գյուղում։ Նրան վերջին անգամ տեսել է երեք ամիս առաջ, տարբեր թեմաներից են խոսել, բնությունից, որսից, նախկին կապերից, սակայն Մարտի 1-ի հետ կապված որևէ խոսք չի եղել։ Այս մասին Հայկ Հարությունյանի հոգեհանգստին լրագրողների հետ զրույցում ասաց Ալիկ Սարգսյանը։
Նա դժվարացավ ասել, թե ինչը կարող էր ստիպել, որ Հայկ Հարությունյանը գնար նման քայլի։
«Լավ ճանաչելով Հայկ Արտյոմիչին, կարող եմ ասել, որ այս արարքը հարիր չէր նրան, որովհետև նա լուրջ, հատուկ խառնվածք ունեցող սկզբունքային անձնավորություն էր։ Ամուր նյարդեր ուներ, շատ ամուր։ Թե ինչ է եղել վերջին մի քանի ամիսներին, չեմ կարող ասել։ Եթե ալկոհոլից պետք է հարցնեք, ապա ես նրան երբեք հարբած չեմ տեսել, կարող է երկու բաժակ խմեր։ Նրա մոտ առողջական խնդիրներ չեմ նկատել, շատ ամուր ու ձիգ մարդ էր, նախկին մարզիկ է եղել»,- շեշտեց Ալիկ Սարգսյանը։
Նա նաև ընդգծեց, որ հեռու է այն մտքից, որ Հայկ Հարությունյանը կարող էր Մարտի 1-ին ժողովրդի վրա զենք բարձրացնել։
«Նա գեներալ մարդ էր, չեմ կարծում, որ կարող էր այնպիսի ցուցմունք տալ, որի հետ ինքը կապ չուներ, նա ժողովրդի դեմ քայլ չէր անի, ամեն դեպքում կամակատար չէր։ Չեմ կարող ասել, թե նոր իշխանությունների հետ նա ինչ հարաբերություններ ուներ։ Ամեն դեպքում ինքնասպանությունն ինձ համար խորթ է, որովհետև նա ուժեղ մարդ էր»,- հավելեց նա։
Զվարթ Խաչատրյան