Արմեն Գևորգյան. Ո՞ր արդյունքի համար աշխատել. մաս 3

Անկախության տոնին ընդառաջ իմ սկսած հոդվածաշարի նախորդ մասերում ես խոսել եմ մեր երկրի անցած ուղու մի շարք կարևոր բաղադրիչների մասին։ Խոսել եմ ոչ միայն եղած ձեռքբերումների և սխալների, այլև այդ ամենին այսօր նոր հայացքով նայելու և հնարավորինս ապագային ծառայեցնելու կարևորության մասին։

Ի՞նչն է, որ այս տարիների ընթացքում մնացել է առանց անհրաժեշտ ուշադրության և, իմ կարծիքով, դարձել մեր զարգացման անարդյունավետ մասնիկը. երկու ոլորտ, որոնք անմիջական կապ ունեն մարդու, նրա՝ որպես քաղաքացի կայացման, և այդ տեսանկյունից իրական քաղաքացիական հասարակության ձևավորման  հետ։

Դրանք կրթության և դատաիրավական հարաբերությունների ոլորտներն են: Առաջինը պետք է քաղաքացի ձևավորի, երկրորդը պետք է երաշխավորի այդ քաղաքացու իրավունքների և շահերի պաշտպանության հասանելիությունն ու արդարությունը։ Մեր երկրի այսօրվա զարգացման առանձնահատկությունը կարող է լինել այն, որ  ներկայիս կառավարությունը կարող է հասարակության, մեր դեպքում՝ նաև սփյուռքի, ողջ ռացիոնալ պոտենցիալի ճիշտ համախմբման միջոցով իրականացնել միաժամանակ մի քանի համակարգաստեղծ բարեփոխում և տնտեսական զարգացման համար ստեղծել նոր, ավելի նպաստավոր պայմաններ։

Սակայն դրա համար պետք է ունենալ …  Եկեք ուղղակի մի հասարակ օրինակ բերեմ` կարո՞ղ ենք արդյոք մենք մեր առաջ խնդիր դնել, որ ոչ թե մինչև 2050թ., այլ՝ առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանի մեկ-երկու բուհ հայտնվի աշխարհի 1000 լավագույն բուհերի ցանկում։ Կարո՞ղ ենք արդյոք նախաձեռնել հատուկ ազգային ծրագիր՝ միջնակարգ կրթության որակի և ուսուցիչների սոցիալական վիճակի բարելավման նպատակով։ Կամ կարո՞ղ ենք արդյոք վերապատրաստման և զարգացման հատուկ ուսումնական և մասնագիտական ծրագրերի միջոցով արմատախիլ անել ոչ կանոնադրային, քրեածին հարաբերությունները բանակում, որտեղ, ըստ էության, ամեն տարի ինքնուրույն կյանքի նախապատրաստության առաջին լուրջ փորձաշրջանն է անցնում մի քանի տասնյակ հազար երիտասարդ։

Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ, հակառակ դեպքում,  մարդկային ռեսուրսը, որով ընդունված է հպարտանալ՝ այն համարելով Հայաստանի հարստությունը, առաջիկայում այլևս չի լինելու մեր երկրի մրցակցային առավելությունը։

Դատաիրավական ոլորտի վերաբերյալ իմ գնահատականներն ու առաջարկությունները կփորձեմ առանձին ներկայացնել ապագայում։ Միակ բանը, որ կարող եմ նշել հիմա, այն է, որ պետական համակարգում աշխատանքի ողջ ընթացքում այդ ոլորտը, կարծես թե, շրջանցել է ինձ, այն երբեք չի եղել իմ ուղղակի պարտականությունների տիրույթում։ Բայց ճակատագրի բերումով այնպես ստացվեց, որ մտացածին ու անօրինական մեղադրանքով ակամայից հայտնվելով մեղադրյալի կարգավիճակում, «առիթ ունեցա» ներսից տեսնել, գիտակցել ու խորությամբ հասկանալ  այս ոլորտի բոլոր խնդրահարույց կողմերը։

Հիմա, երբ այդ գործի շրջանակներում տեղի են ունենում բացարձակ անթույլատրելի մանիպուլյացիաներ, որոնք բովանդակազրկում են արդարադատության ողջ էությունն ու նշանակությունը, ակնհայտ  է դառնում, որ իշխանական հարաբերությունների ողջ համակարգը դարձել է այդ մտացածին քրեական գործի պատանդը, և ինչպես ցույց է տալիս պատմությունը, կարող է դառնալ նաև դրա զոհը։ Անթույլատրելի է մարդու իրավունքների և օրենքների խախտման միջոցով վերականգնել արդարությունը, հատկապես երբ այդ արդարությունը համեմված է վրեժխնդրության և հաշվեհարդարի տարրերով։

Փորձեմ ձեր ուշադրությունը հրավիրել հին և նոր էլիտաների կողմից աշխատանքի կազմակերպման մոտեցումների մի քանի տարբերության վրա: Միայն PR-ով և գեղեցիկ կարգախոսներով երկիրը չես ամրապնդի և չես պաշտպանի։ Սակայն աշխատելը և դրա արդյունքներն ի ցույց չդնելը հանգեցնում է նրան, որ նոր սերունդները շատ արագ մոռանում են արված բոլոր լավ գործերը, ձևավորվում են սխալ և ոչ ռացիոնալ հանրային տրամադրություններ, և սկսվում է սեփական պատմության՝ ազատ ոճի մեկնաբանությունը։

Սա այն  հիմնական դասերից մեկն է, որը, կարծում եմ,  քաղել են նախկին էլիտաների ներկայացուցիչները։ Ընդհանրապես, կյանքը ցույց է տալիս, որ հասարակության հավաքական դրական հիշողությունը շատ կարճ է, իսկ շատերն անգամ չեն գիտակցում, որ իրենք, հնարավոր է, ապրել են երկրի զարգացման և կայացման ամենահետաքրքիր ու արդյունավետ փուլը, և դա չեն նկատել, քանի որ, որպես կանոն, զբաղված են եղել կենցաղային մակարդակի խոսակցությունների և վեճերի քննարկմամբ ու մտորումներով։

Այդ իսկ պատճառով՝ միշտ, անկախ իշխանության որակից,  հնչելու են տարբեր պատասխաններ՝ հետևյալ հարցի հետ կապված՝ ի՞նչ արդյունքի համար է պետք աշխատել.  այսօրվա սերունդների ըմբռնման և բարեհաճությա՞ն, թե՞ հաջորդ սերունդների ներողամտության։ Պարադոքսն այն է, որ 90-ականների վերջի և 2000-ականների սկզբի Հայաստանի քաղաքական էլիտան չստացավ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Համենայն դեպս՝ այս պահի դրությամբ։

Մյուս պարադոքսն այն է, որ մինչև 2018-ի հայտնի իրադարձությունները և երկրում տեղի ունեցած իշխանափոխությունը, բոլոր նախկին էլիտաները հանրային գիտակցության մեջ ունեցել են վիճելի լեգիտիմություն։ Ուշադրություն դարձրեք, որ 2000-ականներն ու դրան հաջորդող տարիները, երբ կյանքի են կոչվել երկրի համար որոշիչ ծրագրեր և բարեփոխումներ, երկրում քաղաքական համագործակցության հիմնական ձևը կոալիցիան էր։ Հենց այդ ձևաչափն է հնարավորություն տվել, որպեսզի իշխանությունները կայացնեն ադեկվատ և հիմնավորված որոշումներ՝ զերծ մնալով հնարավոր արկածախնդրություններից։

Պետական կառավարման ինստիտուտների ամրապնդման և ներիշխանական հարաբերությունների տարբերակման անհրաժեշտությունը բերեց 2005 թվականին սահմանադրական բարեփոխումների իրականացմանը։ Այս բարեփոխումն ուժեղացրեց խորհրդարանը, վերացրեց կառավարության վարչական կախումը երկրի նախագահից և նոր մեխանիզմներ ներդրեց՝ դատական համակարգի անկախության ապահովման համար։

Աշխատանքի նման ձևաչափը թույլ տվեց դեռ այն ժամանակ սահմանել մեր երկրի հաջողության հիմնական բանաձևը, այն է՝ տարբեր սերունդների, ժողովրդի տարբեր խմբերի և շերտերի ինտելեկտուալ, կառավարչական և այլ ներուժի օպտիմալ մոբիլիզացիան կամ համադրումը և համազգային շահերի ու մարտահրավերների գերակայությունը մասնավորի և կորպորատիվի նկատմամբ։

Երկրի ղեկավարությունն առաջնորդվում էր այն գիտակցումով, թե ինչ սկզբունքային նշանակություն ունի կայունության գործոնը հանրային զարգացման համար. կա կարգուկանոն՝ կա զարգացում, կա զարգացում՝ կա հույս։ Առաջին հերթին՝ տնտեսական էական ձեռքբերումների առումով։ Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, թե ինչպես են կայուն քաղաքական համակարգ ունեցող երկրները կարողացել բնակչության մեծ մասի համար նկատելի ու շոշափելի բարեկեցություն ապահովել, բայց այդ առավելությունը կորցրել են քաղաքական անկայունության պարագայում։

Հետևելով, թե ինչպես է աշխատում այսօրվա իշխանությունը, որը, նույն հանրային պատկերացումների համաձայն, լեգիտիմության բարձր մակարդակ ունի, կարելի է ասել հետևյալը. ավելի քիչ հանրային լեգիտիմության պարագայում երկրում զարգացումը ընթացել է ավելի արագ տեմպերով ու ավելի բազմակողմանիորեն, իսկ ահա բարձր լեգիտիմության առկայության պարագայում իշխանությունը ձգտում է ոչ թե գործնական արդյունքների, այլ լեգիտիմության այդ բարձր մակարդակի, մեր դեպքում՝ պոպուլյարության պահպանմանը։

Եվ ցավալի է, որ այնպիսի անփոխարինելի և եզակի ռեսուրսը, ինչպիսին բարձր լեգիտիմությունն ու հանրային աջակցությունն են, չեն աշխատում հօգուտ երկրի զարգացման ու բարգավաճման, հօգուտ բարեփոխումների, այլ  սպառվում են, այդ թվում՝ գործող իշխանության վիճահարույց որակի պատճառով։

Ի՞նչն էր պատճառը, որ 2000-ականներին ստացված բոլոր ձեռքբերումներն ու երկրի զարգացման արդյունքները չարմատացան հասարակական գիտակցության և ընկալման մեջ։ Ըստ իս՝ հաջողությունների կողքին մեզ չհաջողվեց արմատախիլ անել այսպես կոչված արևելյան մտածողության և կառավարման մշակույթի որոշ բաղադրիչներ։ Չկարողացանք վերացնել հովանավորչությունը, կլանայնությունը, մոնոպոլիզացիան և հնարավորությունների ու ռեսուրսների՝ մի տեղում կոնցենտրացիան, չկարողացանք հեռանալ խաղի ոչ ֆորմալ կանոնների երևույթից։ Երկրի տնտեսական զարգացմանը զուգահեռ՝ ձևավորվում էին ազդեցության նոր կենտրոններ, և դառնում էր եթե ոչ ակնհայտ, բայց գոնե շոշափելի՝ իշխանության և այդ ազդեցության կենտրոնների՝ փոխադարձ կախվածությունը։

Միևնույն ժամանակ հանուն արդարության նշեմ, որ շատ հաճախ նույնիսկ կրթության բավականին բարձր մակարդակ և մտավոր պաշար ունեցող սովորական քաղաքացիների մոտ երկրի ձեռքբերումներն ընկալվում էին իշխանության մեջ եղած այս կամ այն մարդու հանդեպ ունեցած սեփական վերաբերմունքի պրիզմայով։ Իշխանության ներսում գտնվողների մասին դատում էին ոչ թե ըստ նրանց գործերի, այլ՝ ըստ նրանց շուրջ տարածվող բամբասանքի և նմանատիպ լուրերի։

Միաժամանակ՝ հենց այդ առանձնահատկությունների պատճառով էր մեր երկիրը երկար ժամանակ գտնվում որոշակի քաղաքակրթական անտագոնիզմի մեջ, որը բավական շատ հակասություններ ու խնդիրներ էր ստեղծում և հիմա էլ ստեղծում է զարգացման առումով:

Ամենաընդհանուր կերպով նման քաղաքակրթական անտագոնիզմի էությունը կարելի է բնորոշել հետևյալ կերպ. հասարակությունը հռչակում է արևմտյան, լիբերալ, ժողովրդավարական արժեքներ և զարգացման ուղենիշներ, որոնք, սակայն, պետք է ապահովվեն մեծ մասամբ խորհրդային կուսակցական-տնտեսական մտածողությամբ դաստիարակված էլիտայի կողմից: Ստացվում է, որ նպատակները պատկանում են արևմտյան քաղաքակրթությանը (լիբերալ-շուկայական ավանդույթներ), իսկ մարդկանց փորձը՝ արևելյան քաղաքակրթությանը (խորհրդային ավանդույթներ):

Միաժամանակ, նաև այդ անտագոնիզմի էվոլյուցիայի շատ հետաքրքիր դինամիկա է նկատվում. սկզբում (որպես կանոն՝ կառավարման առաջին տարիներին) ղեկավարները հաշվի են առնում լիբերալ կողմնորոշում ունեցող փորձագետների կարծիքները, սակայն ժամանակի հետ նրանց խորհուրդները լսելու անհրաժեշտությունը նվազում է այն նույն  արագությամբ, որով նվազում է նոր լիբերալ, արմատական հասարակական-քաղաքական բարեփոխումների (արժեքային տրանսֆորմացիա) իրականացման անհրաժեշտությունը կամ ցանկությունը, ինչպես նաև ժամանակի (տարիքի) հետ ի հայտ է գալիս սեփական անձի՝ որպես գոյություն ունեցող բոլոր հիվանդությունների  բալասանի ընկալումը (հոգեբանական տրանսֆորմացիա):

Բոլոր այս երևույթներն իրենց դինամիզմով իրականում հանդես են եկել որպես սոցիալ-տնտեսական բարեփոխումների տեմպերի թուլացման, լճացման երևույթների խորացման և երկրի ու ազգի մրցակցային առավելության նվազման պատճառ:

Բացի իշխանության ներսում արևելականության բնույթի խնդիրների հաղթահարումից՝ հարկավոր էր հաղթահարել նաև սփյուռքի հետ հարաբերություններում դրանց  դրսևորումները: Կար մի ոչ ռացիոնալ մոտեցում, թե սփյուռքի ներկայացուցիչները պարտավոր են ինչ-որ բան անել հայրենիքի համար, իսկ նրանք էլ ակնկալում էին, որ հայրենիքը պետք է իրենց համար հատուկ պայմաններ ստեղծի:

Պատկերացրեք իրավիճակ, երբ սփյուռքի գործարարների հետ հանդիպումների ժամանակ հանկարծ պարզվում էր, որ նրանք առանձնահատուկ արտոնություններ են ակնկալում Հայաստանում բիզնես իրականացնելու համար, որոնց մասին չէին պահանջի իրենց բնակության երկրում կամ որոնց մասին ոչ հայկական ծագումով գործարարների մտքով չէր էլ անցնի խոսել: Միաժամանակ պատկերացրեք պետական պաշտոնյաների, որոնք լրջորեն կարծում են, որ սփյուռքին հարկավոր չէ համոզել Հայաստան գալ, և սփյուռքի գործարարները պարտավոր են դա անել, քանի որ Հայաստանն իրենց պատմական հայրենիքն է:

Կային մեր հայրենակիցների մտածողության առանձնահատկությունների այլ դրսևորումներ ևս։ Նրանցից շատերը մտածում էին, որ բարոյական չէ փող վաստակել կամ բիզնես անել պատմական հայրենիքում, իսկ մի մասը համոզված էր, որ հայրենիքին օգնելու լավագույն եղանակը բարեգործությունն է։ Բնական է, որ ամենաճիշտ ճանապարհն էր՝ խրախուսել հայրենիքի զարգացման համար ներդրումային նախագծեր և մասնագիտական ծրագրեր իրականացնելը։

Հիմա է այս ամենն այդպես պարզունակ ու միամիտ թվում, բայց 20-25 տարի առաջ պետք էր հաղթահարել շփման այս դժվարությունը նույնպես և կառուցողական երկխոսություն ու շփման ձևաչափ ստեղծել: Հենց այդ պատճառով 2005 թվականին իշխանությունը նախաձեռնեց սահմանադրական բարեփոխումների միջոցով երկքաղաքացիության ինստիտուտի ներդրումը։ Համաձայնեք, որ յոթ միլիոնանոց սփյուռքի պարագայում երկքաղաքացիության ինստիտուտի բացակայությունը պարզապես անախրոնիզմ էր։

Ի դեպ, նման միամտություն նկատվում է նաև ներկայիս իշխանության մոտ՝ կապված «նրանք պարտավոր են», «մեզ պարտք են» իրավիճակների հետ: Խոսքն այն մասին է, որ այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո էյֆորիկ ընկալումները, թե մեր գործընկերները մեզ ինչ-որ բան պարտք են կամ ինչ-որ բանով պարտական են, պարզունակ են և ոչ ողջամիտ:

Միջազգային հանրությունն ավելի ու ավելի պրագմատիկ և ռացիոնալ է դառնում: Գլխավորն այն է, որ մենք չհայտնվենք այնպիսի իրավիճակում, երբ ինքներս ինչ-որ մեկին պարտք լինենք:

Այսպես կոչված քաղաքակրթական անտագոնիզմը ներկայիս Հայաստանում ձեռք է բերում նոր, լրացուցիչ երանգ. դա սերունդների մարտահրավերն է: Մենք թևակոխում ենք երկրի հասարակական–քաղաքական զարգացման  տարբեր պայմաններում (սոցիալիզմ, ԽՍՀՄ փլուզում, անկախության համար պայքար, անկախություն)  ձևավորված տարբեր սերունդների արժեքային դիմակայության փուլ: Այն արտահայտվում է բաց հասարակության արժեքներն աստիճանաբար յուրացնող նոր սերնդի՝ արևելյան բնույթի հասարակական հարաբերությունների աղճատված համակարգում գործելու մեջ: Ու շատ բարդ է լինելու այս մարտահրավերի հաղթահարման  համար ողջամիտ մոտեցում գտնելը:

Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհն առաջ են մղում նորարարությունը, ստեղծարարությունն ու սոցիալական պատասխանատվությունը։ Ձևավորվել է նոր գլոբալ մտածողություն՝ հիմնված որակապես այլ սկզբունքների ու մոտեցումների վրա։ Այդ գլոբալ մտածողության էությունը կայանում է ցանկացած նոր նախաձեռնության ու ձեռնարկի բացառիկության ճանաչման ու  միջակության մերժման մեջ։ Այդ երկրներում ձևավորվել է բեկումնային առաջընթացի սերունդ։ Նայենք մարդկանց, որոնք աշխարհը փոխող գլոբալ կորպորացիաներ են ստեղծում և կառավարում։ Նրանք ձևավորում են իրենց ընկերությունների, իրենց հասարակության, վերջին հաշով՝ իրենց երկրի մրցակցային առավելությունը՝ հանդես գալով որպես հաջողության և բարեկեցության երաշխավոր։

Ինչպիսի՞ մարտահրավերներ, կամ երկրի զարգացման երկարաժամկետ ռազմավարական ուղղություններ կարել է նախանշել մեզ համար։ Դրանք կարող են մեկից մինչև մի քանի տասնյակ լինել, բայց հաշվի առնելով սոցիալ-տնտեսական, ներքաղաքական, մշակութային-կրոնական և աշխարհաքաղաքական իրողություններն ու առանձնահատկությունները, կարել է առանձնացնել չորսը.

  • Երկրի զարգացման անվտանգության հիմքերի և պետական ինքնիշխանության անխախտության ապահովում (արդյունավետ պետություն, խաղաղություն և անվտանգություն)
  • Արժանապատիվ ու բարեկեցիկ, լիարժեք քաղաքացիական հասարակության ձևավորում (արդարություն և աշխատանք)
  • Հայության (Հայաստանի)՝ որպես տարածաշրջանի առավել ինտելեկտուալ, ստեղծագործ և ձեռներեց էլիտայի դիրքավորում (նորարարություն և երկրի մրցակցային առավելություն)
  • Հայկական քաղաքակրթության (ազգի) վերածնունդ՝ բարեկեցիկ պետություն-հաջողակ սփյուռք բանաձևով (հպարտություն և ճանաչում):

Ամփոփում

Սեպտեմբերի 21-ին մենք նշում էինք անկախության օրը. Ճիշտ էինք անում։ Բայց բաժակաճառերից և պրոտոկոլային շնորհավորանքներից հետո ես կոչ եմ անում վերադառնալ  (կամ սկսել) բարդ հարցերի, դժվար քննարկումների փուլին։ Միայն այդ դեպքում, անկախության տոնի ամեն հաջորդ տարին մենք կդիմավորենք՝ ավելի անվտանգ, ավելի բարեկեցիկ ու ավելի ժամանակակից Հայաստանում։

Այսպիսով, այս հոդվածով փորձեցի պատասխանել իմ կողմից վերը բարձրացված առաջին երկու հարցին։ Հաջորդիվ կփորձեմ ներկայացնել, թե, ըստ իս, տնտեսական զարգացման ինչպիսի գործնական նախագծեր և պետության արդիականացման իրավական մեխանիզմներ կարող են օգտակար և կենսական լինել երկրի զարգացման՝ նախանշված ռազմավարական ուղղությունների առումով։

Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ

Տեսանյութեր

Լրահոս