Բրիտանացի լեյբորիստները խոստացել են աշխատանքային շաբաթը կրճատել մինչև 32 ժամ
Բրիտանացի լեյբորիստները խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում մտադիր են երկրում կրճատել աշխատանքային շաբաթը: Այդ մասին հայտարարել է ֆինանսների «ստվերային» նախարար Ջոն Մաքդոնելը:
Ներկայում Բրիտանիայում աշխատանքային շաբաթվա միջին տեւողությունը հինգ օրվա ընթացքում կազմում է 37 ժամ: Օրենսդրությունն արգելում է շաբաթական աշխատել 48 ժամից ավելի:
«Մեր երկրի քաղաքացիները շաբաթական ամենից շատն են աշխատում Եվրոպայում: 1980-ական թվականներից դադարել է գոյություն ունենալ աշխատանքային ժամերի ավելացումից աշխատանքի արտադրողականության աճի ուղիղ կախվածությունը: Եկել է փոփոխությունների ժամանակը:
Ես ձեզ խոստանում եմ, որ լեյբորիստների հաջորդ կառավարությունը տասը տարվա ընթացքում աշխատանքային ժամերի թվաքանակը կնվազեցնի շաբաթական մինչեւ 32 ժամ: Աշխատանքային շաբաթը կկարճանա առանց աշխատավարձի կրճատման»,-ասել է Մաքդոնելը՝ ելույթ ունենալով կուսակցության տարեկան խորհրդաժողովում:
«Ստվերային նախարարը նաեւ հայտարարել է «պահպանողականների իննամյա կառավարման ավերիչ հետեւանքները վերացնելու» եւ քաղաքացիների հանդեպ պետության սոցիալական պարտավորություններն ընդլայնելու մտադրության մասին: Մաքդոնելի առաջարկության համաձայն, պետական բոլոր ծառայությունները պետք է դառնան անվճար ու որակյալ:
Լեյբորիստներն իշխանության գալու դեպքում նաեւ մտադիր են իրականացնել սոցիալական ապահովության համակարգի բարեփոխում, առաջին հերթին՝ տարեցների համար: «2010 թվականից տեղական խորհուրդների բյուջեներից սոցապահովությանը հատկացվել է մոտավորապես 8 մլրդ ֆունտ ստեռլինգ: Դրա հետեւանքով 1 մլն մարդ չի ստացել այն օգնությունը, որի կարիքն ուներ:
Օրական մահանում է 87 մարդ, որոնք սոցիալական օգնություն են ակնկալում: Մեր երկրում ավելի քան 5 միլիոն են նրանք, ովքեր կամավոր ու անվճար խնամում են անօգնական մերձավորներին, եւ նրանք առավելապես կանայք են: Աշխատանքով ծանրաբեռնված ու ցածր վարձատրվող սոցաշխատողները կարող են միայն 10 րոպեով այցելել նրանց, ում կցված են»,-ասել է նախարարը, հավելելով, որ Լեյբորիստների կառավարությունը գերակայություն կդարձնի այդ համակարգի բարեփոխումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: