Համացանցում գործարկել են «51-րդ գոտու» «գրոհի» ուղիղ հեռարձակումը
Youtube-ի օգտատերը՝ LDG Station կեղծանվամբ, գործարկել է «51-րդ գոտու» «գրոհի» ուղիղ հեռարձակումը: Նկարագրության մեջ ալիքի տերը հայտնել է, որ հուսով է արգելված գոտում այլմոլորակայինների տեսնել։
Միացյալ Նահանգների իշխանությունները Նեւադայի նահանգում փակել են օդային տարածությունը «51-րդ գոտու» գաղտնի ռազմակայանի վրա: Ինչպես հաղորդել է Business Insider պորտալը, արգելքը գործում է սեպտեմբերի 16-ից մինչեւ 22-ը եւ տարածվում է ցանկացած ավիացիայի վրա, ներառյալ դրոնները եւ կվադրոկոպտերը:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի «51-րդ գոտի» ռազմակայանը գտնվում է Նեւադայի նահանգում՝ Լաս Վեգասից 130 կիլոմետր հեռավորության վրա՝ անմիջականորեն Գրում Լեյք ցամաքած լճի ափին: Ռազմակայանը կառուցել են 1955 թվականին, բայց իշխանությունները դրա գոյությունը խոստովանել են սոսկ 2013-ին:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ «51-րդ գոտին» նախատեսված է թռչող ապարատների նախատիպերի, սպառազինության փորձարարական եւ հեռանկարային համակարգերի փորձարկման համար:
Ավելի վաղ Facebook-ում կազմակերպվել է ակցիա, որը կոչված է մասնակիցների հավաքելու Նեւադայում ամերիկյան «51-րդ գոտի» ռազմակայանը գրոհելու եւ հաստատելու համար այն հայտնի լեգենդը, թե ռազմակայանում թաքցված են այլմոլորակայինների կողմից Երկիր այցելության վկայություններ կամ նույնիսկ հենց այլմոլորակայիններ: «Գրոհի» համար արդեն գրանցվել է ավելի քան 1,2 միլիոն մարդ, եւս շուրջ մեկ միլիոնը գրել է, որ հետաքրքրվում է այդ միջոցառմամբ: «Գրոհը» պլանավորված է սեպտեմբերի 20-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: