«Այո, բազայինով չի եղել, հավելավճարով է եղել, բայց ոչ մի այլ հավելյալ գումար, որը տրվում էր զինվորականին, կամ դրույքային որևէ վճար չի պակասել». Արծրուն Հովհաննիսյան

Օրեր առաջ ռազմագետ Հրաչյա Պետրոսյանցը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ զինվորականների աշխատավարձի բարձրացումն էական է միայն սահմանափակ պաշտոնների համար, այլ ոչ համատարած, և, որ այդ բարձրացումը կատարվում է այլ լրացուցիչ հաշվարկների արդյունքում:

«Ինչը նշանակում է, որ գումարի չափն ավելացել է, բայց դրույքաչափի ոչ մի փոփոխություն չի եղել։ Իսկ երբ խոսում ենք աշխատավարձի բարձրացման մասին, ապա պիտի դրույքաչափի բարձրացում լինի, այլ ոչ թե՝ պարգևավճարների, որոնք ցանկացած պահի կարող են չվճարվել»,- ասել էր նա:

168.am-ն այս առնչությամբ պարզաբանում է ստացել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից:

«Եթե դասակի հրամանատարից մինչև գնդի հրամանատարը, դրանք առանձին պաշտոնյաներ են և ոչ էական, ինչպես շատերն են ասում, մի քիչ ծիծաղելի բան է ստացվում, մինչդեռ նրանք, հրամանատարական այս կատեգորիան բանակի, զինված ուժերի ողնաշարն են: Դրանք բոլոր ստորաբաժանումների և զորամասերի օղակի հրամանատարներ են, որոնց դեպքում աշխատավարձն ունեցել է ամենաէական բարձրացումը: Բացի իրենցից, մնացած սպայական կազմի մոտ համեմատության մեջ ավելի ցածր է, այո: Բայց այսօրվա պարագայում, երբ տարիներ շարունակ աշխատավարձի բարձրացում չի եղել, և զինվորականները ստացել են տարվա կեսին 20.000-30.000 դրամ աշխատավարձ, չեմ կարծում, որ դա մարդկանց համար էական չէ»:

Ինչ վերաբերում է դրույքաչափով աշխատավարձը չբարձրացնելուն և այն խոսակցություններին, որ հաշվարկների արդյունքում բարձրացված աշխատավարձի դեպքում ավելի քիչ է երբեմն ստացվում եկամուտը, քանի որ պարգևավճարները և գործուղման գումարներն են կտրել, Հովհաննիսյանն ասաց.

«Այո, բազայինով չի եղել, հավելավճարով է եղել, ինչի մասին հայտարարվել է, այստեղ որևէ նորություն չկա: Բայց ոչ մի այլ հավելյալ գումար, որը տրվում էր զինվորականին, կամ դրույքային որևէ վճար բացարձակապես չի պակասել, չի կտրվել: Այդ մասին խոսակցությունները սուտ են, թե մի տեղ ավելացրել են, մի տեղ՝ կտրել, նման բան գոյություն չունի»:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս