Եվրամիությունը դեռևս Brexit-ի վերաբերյալ առաջարկություններ չի ստացել Լոնդոնից. Եվրահանձնաժողով
Եվրամիությունը դեռեւս Մեծ Բրիտանիայից առաջարկություններ չի ստացել Բրյուսելի եւ Լոնդոնի կողմից հավանության արժանացած 2018 թվականի նոյեմբերի 25-ի գործարքի շրջանակում հանրակցության կազմից Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ: Այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, որը սեպտեմբերի 16-ին Բրյուսելում տարածվել է ԵՀ-ի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի միջեւ Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ:
«Նախագահ Յունկերը Ջոնսոնին հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան պատասխանատու է այն բանի համար, որ առաջարկի իրավական տեսանկյունից ֆունկցիոնալ որոշումներ, որոնք համատեղելի կլինեն դուրս գալու վերաբերյալ նոյեմբերի 25-ի համաձայնագրի հետ: Նախագահ Յունկերն ընդգծել է Եվրահանձնաժողովի անփոփոխ պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու՝ այդ առաջարկությունները համապատասխանում են արդյոք «բեքստոպի» (ԵՄ-ի մաքսային միության եւ միասնական եվրոպական շուկայի կազմում Հյուսիսային Իռլանդիայի գտնվելու ժամանակավոր ռեժիմը Brexit-ից հետո) նպատակներին: Նման առաջարկություններ առայժմ չեն ստացվել»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Փաստաթղթում ընդգծվում է, որ «Եվրահանձնաժողովը պատրաստ է աշխատել 24/7 ռեժիմով»: «ԵՄ-ի հոկտեմբերյան գագաթնաժողովը (հոկտեմբերի 17-18-ին) կարեւոր ուղենիշ կդառնա այդ գործընթացում: ԵՄ-ի 27 երկրները մնում են միասնական»,-հավելել է Եվրահանձնաժողովը, նշելով, որ հանդիպմանը Յունկերին ուղեկցել է Brexit-ի շուրջ ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: