
Վրաստանի իշխանությունները չեն պաշտպանել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու ընդդիմության գաղափարը

«Վրացական երազանք» կառավարող կուսակցությունը հանդես է գալիս «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության նախաձեռնության դեմ, որն առաջարկում է դիմել ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու կոչով: Այդ մասին հայտարարել է կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջնորդ Գիա Վոլսկին:
«Եվրոպական Վրաստան» կուսակցությունը պատրաստել է բանաձեւ, որը ենթադրում է ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների սահմանում, այդ թվում՝ պատժամիջոցների սահմանում բոլոր այն ընկերությունների նկատմամբ, որոնք տնտեսական գործունեություն են իրականացնում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքներում:
«Ցանկացած երկիր, որը ճանաչում է Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի անկախությունը, հայտնվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո: Այդ ուղղությամբ լրացուցիչ քայլերը կհանգեցնեն Ռուսաստանի կողմից տնտեսական պատժամիջոցների»,- հայտարարել է Վոլսկին սեպտեմբերի 16-ին կայացած ճեպազրույցում: Նրա խոսքով՝ ընդդիմադիր կուսակցության նպատակն իրականում ազնիվ նկատառումներից չի բխում եւ այն, որ բանաձեւի ընդունումը լրացուցիչ պատժամիջոցների կհանգեցնի ՌԴ-ի կողմից, ընդդիմադիրներին հայտնի է:
«Եվրոպայի եւ Չինաստանի հետ ազատ առեւտրի մասին մեր պայմանագիրը եւ մեր արտահանական շուկայի ընդլայնումն աննախադեպ է: Սակայն գոյություն ունի նաեւ ռուսաստանյան շուկա, որը նույնպես զգալիորեն պայմանավորում է ոչ միայն Վրաստանի, այլեւ այն երկրների տնտեսական դրությունը, որոնց հետ մենք առեւտուր ենք անում»,-հավելել է Վոլսկին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: