«Մեծ է Ձեր ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ». նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ԳԴՀ նախկին նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ Յոախիմ Գաուկին։ Հանդիպմանը ներկա է եղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ողջունելով Յոախիմ Գաուկին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես շնորհակալություն է հայտնել նրան մարդասիրական գործունեության համար՝ բարձր գնահատելով նրա մեծ ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Նախագահը հիշեցրել է, որ համայն հայությունը երախտիքով ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ նախագահ Յոախիմ Գաուկի ելույթը Բեռլինի Մայր տաճարում էկումենիկ պատարագի ժամանակ:

Նշելով, որ Հայաստանը և Գերմանիան բարեկամության և համագործակցության երկարամյա պատմություն ունեն՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ Գերմանիան և գերմանական ընկերությունները պետք է դիտարկեն Հայաստանը որպես դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն: Նա ընդգծել է համագործակցության լայն հնարավորությունները մասնավորապես մշակույթի, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում: «Ես կուզենայի, որ գերմանական միջազգային խոշոր ընկերությունները համագործակցեին Հայաստանի հետ տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, մաթեմատիկայի ոլորտներում»,- ասել է նախագահը:

Խոսելով մշակույթայի համագործակցության հնարավորությունների վերաբերյալ՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Մշակութային տեսանկյունից, կարծում եմ, որ կարող ենք համագործակցել մեր նախագահական նախաձեռնության շրջանակում՝ տարբեր երկրների մշակույթների ներկայացում նախագահական նստավայրում, որի ընթացքում այցելուները կկարողանան տեսնել ոչ միայն նստավայրը, այլև ծանոթանալ տարբեր ազգերի պատմությանն ու արվեստին»:

Գերմանիայի նախկին նախագահն իր հերթին նշել է. «Ինձ համար շատ ուրախալի է այն փաստը, որ տարածաշրջանում հանձին Ձեզ հանդիպում եմ այնպիսի նախագահի, ով սերում է գիտական շրջանակից: Պատիվ ունեմ այսօր ներկա գտնվելու այստեղ: Լսել եմ, որ Հայաստանում համակ ուշադրությամբ հետևել են Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իմ ելույթին, և ես շնորհակալ եմ, որ արդեն ոչ թե հեռավորության վրա, այլ մոտիկից կարող եմ ծանոթանալ ձեր երկրին, նրա ժողովրդին և մշակույթին»:

Հանդիպմանը ջերմ ու անկեղծ մթնոլորտում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի զարգացման հեռանկարների, հայ-գերմանական հարաբերությունների, ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս