«Մենք մարդկանց խոստացել էինք վերականգնել աշխատատեղերը». Վարչապետը՝ Թեղուտի հանքի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Վանաձորում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց, որ անձամբ ցանկացել է, որպեսզի շահագործվի Թեղուտի հանքը, քանի որ հասկացել է, որ հանքը նման ձևով անտեր է մնացել, և ինքն իրենով արդեն էկոլոգիական խնդիր է:
«Այսինքն՝ պետք է անել ամեն ինչ, որպեսզի լինի սուբյեկտ, որպեսզի Կառավարությունը հնարավորություն ունենա նրա առաջ դնել կոնկրետ պահանջներ: Բացի այդ, մենք այս մարդկանց խոստացել էինք, որ իրենց աշխատատեղերը բացելու ենք: Գիտեմ, որ հիմա ընկերության կողմից կա միջազգային փորձաքննություն, որը պատվարի հետ կապված եզրակացություններ է արել:
Քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության որ այս փաստաթուղթը կարող էր ծնվել՝ որպես որոշակի կոնյունկտուրային դրդապատճառներով: Եթե մեզ համոզած շատ բնապահպան-գործընկերների ասածները ճիշտ լինեին, ապա եթե Թեղուտի տարածքում 2-3 բալանոց երկրաշարժ տեղի ունենար, ապա այդ պատվարը վաղուց կարող է փլված լիներ: Հիմա որևէ մեկն ասելո՞ւ է, որ ինքը սխալվել է, այնպես չէ, որ Թեղուտը երկու ամիս առաջ պետք է փակվեր, հակառակ դեպքում դա էկոլոգիական աղետ էր բերելու: Օրինակ, կարող են ասել, որ փոքր աղջիկս՝ Արփին, այնտեղ փայատեր է դարձել, ամեն ինչ կարող են ասել, ամենալկտի ստերը, միայն թե չասեն՝ ներողություն, սխալվել են»,- ասաց վարչապետը:
Զվարթ Խաչատրյան