ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կայուն երկխոսություն հաստատել Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ
ՄԱԿ-ն անհանգստացած է Իրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածության աճից եւ շահագրգիռ կողմերին կոչ է անում կայուն երկխոսություն հաստատել խաղաղության եւ կայունության համար: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի ուղերձում, որը սեպտեմբերի 16-ին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր խորհրդաժողովի մասնակիցների համար ընթերցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ եւ ՄԱԿ-ի՝ թմրանյութերի ու հանցավորության դեմ պայքարի վարչության գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը
«Ողջունում եմ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում Իրանի պարտավորությունների ստուգման ուղղությամբ գործակալության (ՄԱԳԱՏԷ-ի) ներդրած ջանքերը: Այնուամենայնիվ, իրանական միջուկային հարցի կապակցությամբ աճող լարվածությունն ավելի ու ավելի է անհանգստացնում մեզ: Կայուն երկխոսությունը խիստ անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղություն ու կայություն ապահովելու համար»,-նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովի 63-րդ նստաշրջանը սեպտեմբերի 16-ին սկսվել է Վիեննայում ՄԱԿ-ի բաժանմունքում: 170-ից ավելի երկրների ներկայացուցիչներ մինչեւ սեպտեմբերի 20-ը քննարկելու են միջուկային էներգետիկայի զարգացումը, միջուկային անվտանգության խնդիրները, ինչպես նաեւ միջուկային զենքի չտարածման մասին երաշխիքների ռեժիմը եւ Իրանի ու ԿԺԴՀ-ի միջուկային դոսիեները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: