«Այն, ինչ ասաց վարչապետ Փաշինյանը, կանգնեցրեց բանակցային ողջ գործընթացը». Բրայզա

«Այն, ինչ ասաց պարոն վարչապետ Փաշինյանը, կանգնեցրեց բանակցային ողջ գործընթացը: Նման հայտարարությունների դեպքում չի կարելի բանակցություններ վարել»,- այս մասին օրերս Վրաստանում «Пограничная ZONA» պրոյեկտի հեղինակին տված հարցազրույցում, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ թե՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», ասել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին փոխտեղակալ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մեթյու Բրայզան:

Նա կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի ճանաչումը ձեռքբերում է Հայաստանի համար, որը Հայաստանը կարող է ստանալ միայն բանակցությունների վերջում, քանի որ  դա հայկական կողմի  գլխավոր նպատակն է: «Բանակցային գործընթացում պետք է հիմար լինել՝ թույլ տալու համար, որպեսզի երկրորդ կողմը ստանա գլխավոր մրցանակը հենց սկզբից՝ առանց ինչ-որ բան դրա դիմաց տալու: Ես կարծում եմ, որ Փաշինյանը հիմար չէ, նա չափազանց  խելացի մարդ է, նա գիտի: Ես կարծում եմ, որ նա ներկայումս հսկայական ճնշման տակ է Ղարաբաղյան խմբի կողմից, նախկին նախագահ Քոչարյանից և նրանցից բոլորից: Ես մշտապես կասկածել եմ, չնայած նրան, թե նա որքան գեղեցիկ հեղափոխություն իրականացրեց,  և չնայած նրան, թե որքան հանրահայտ է նա, նախկին խումբը երբեք թույլ չի տա, որ նա կոնսոլիդացնի սեփական քաղաքական ուժը: Նրանք ունեն բավականին լուրջ աջակցություն Հյուսիսից, և ներկայումս Փաշինյանը բախվել է ցանկությանը՝ վարել բանակցություններ Ադրբեջանի հետ մինչև վերջ: Եվ ես վստահ եմ, որ նա ցանկանում է: Ես նույնիսկ այդ մասին լսել եմ Բաքվում ամենաբարձր մակարդակով: Բայց կա նման նպատակ ու քաղաքական իրականություն»,- նշել է Մեթյու Բրայզան:

Ուստի նա Փաշինյանի հայտարարությունը որակում է՝ որպես ներքին ճնշումների հետևանք:

Ինչպես 2 օր առաջ «168 Ժամին» տված հարցազրույցում, նա հիշեցրել է, որ Փաշինյանը ճնշումների տակ է նաև ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի կողմից, ովքեր արգելափակեցին Սենատում իր թեկնածության հաստատումը Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:

«Այս կառույցի համար հակամարտությունը լավ է, քանի որ դա նրանց հնարավորություն է տալիս գումար վաստակել Ամերիկայում հայերից, որոնք համարում են, որ Հայաստանը զոհ է, և իրենք բարի մարդիկ են, որ պայքարում են այդ անարդարության դեմ»,- նման միտք է հայտնել վրացի վերլուծաբանին տված հարցազրույցում դեսպան Մեթյու Բրայզան:

Տեսանյութեր

Լրահոս