ԱՄՆ-ում գործադուլ են սկսել General Motors-ի 49 հազարից ավելի աշխատողներ
General Motors ավտոկոնցեռնի ավելի քան 49 հազար աշխատող՝ ամերիկյան Ավտոարդյունաբերության աշխատողների միավորված արհմիության անդամներ, լույս սեպտեմբերի 16-ի գիշերը գործադուլ են սկսել: Ինչպես հայտնել է Associated Press (AP) գործակալությունը, արհմիությունն այս որոշումն ընդունել է ընկերության ղեկավարության հետ նոր աշխատանքային պարտավորագրի պայմանների շուրջ բանակցությունների ձախողման պատճառով։
Գործակալության տվյալներով՝ աշխատակիցները հրաժարվում են կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, իսկ նրանց մի մասը մտադիր է մասնակցել կազմակերպված պիկետին: AP-ն նշում է, որ կոնցեռնի հետ միավորման կոլեկտիվ պայմանագիրը լրացել է սեպտեմբերի 14-ի երեկոյան:
Սեպտեմբերի 15-ին գործարանների շուրջ 200 ղեկավարներ միաձայն քվեարկել են գործադուլի օգտին այն դեպքում, եթե կողմերը համաձայնության չգան մինչեւ երեկո: Սեպտեմբերի 16-ի առավոտյան աշխատողների գործադուլի պատճառով 33 գործարան է փակվել ԱՄՆ-ի ինը նահանգում, ինչպես նաեւ՝ պահեստամասերի բաշխման 22 ձեռնարկություն:
«Մենք հանդես ենք գալիս հանուն արդար աշխատավարձերի, մենք հանդես ենք գալիս հանուն ընդունելի որակի առողջապահության եւ (ընկերության) եկամտի մեր մասն ստանալու»,-հայտարարել է արհմիության փոխնախագահ Թերի Դիթսը: General Motors ընկերության ղեկավարությունը նշում է, որ իրենք աշխատակիցներին առաջարկել են աշխատավարձի բարձրացում, բժշկության արտոնություններ եւ 7 մլրդ դոլարի ներդրումներ, որոնց օգնությամբ կստեղծվի 5,4 հազար նոր աշխատատեղ:
Հայտնի չէ, թե որքան երկար պլանավորվում անցկացնել ակցիան: Գործակալությունը նշում է, որ սա այս արհմիության առաջին ազգային գործադուլն է 2007 թվականից ի վեր: General Motors-ի գործարանները գտնվում են Միչիգանի, Օհայոյի, Նյու Յորքի, Քենթուքիի, Թեննեսիի, Տեխասի, Միսուրիի, Ինդիանայի եւ Կանզասի նահանգներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: