Բաժիններ՝

Իրանը դեռեւս Եվրոպայից քայլեր է ակնկալում միջուկային գործարքի պահպանման համար

Իրանը դեռեւս միջուկային գործարքի եվրոպական մասնակիցներից դրա պահպանման քայլեր է ակնկալում: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին: «Մենք դեռեւս սպասում ենք, որ Եվրոպան միջուկային գործարքի պահպանման ուղղված քայլեր կկատարի»,- ասել է Մուսավին, որի ելույթը հեռարձակել է Press TV հեռուստաալիքը: Նա հավելել է, որ «Իրանը բանակցություններ է վարում եվրոպացիների, մասնավորապես, ֆրանսիական կողմի հետ»:

Սակայն, ԱԳ նխարարության ներկայացուցչի խոսքով, «ԵՄ-ն փորձում է ԱՄՆ-ի թույլտվությունը ստանալ միջուկային գործարքի շրջանակում իր խոստումները կատարելու համար»: Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Թեհրանը հետագայում էլ կկրճատի միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունները, եթե անհրաժեշտ լինի: «Եթե անհրաժեշտ լինի, ապագայում մենք կձեռնարկենք միջուկային պարտավորությունների կրճատմանն ուղղված նաեւ այլ քայլեր»,- ասել է Ռոուհանին, որի խոսքը մեջբերված է նրա պաշտոնական կայքում:

Իր հերթին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Համաձայնագրի եվրոպական մասնակիցները պետք է ջանքեր գործադրեն՝ փրկելու Իրանի հետ միջուկային գործարքը, որովհետեւ նրանք չեն կատարել պարտավորությունների իրենց մասը համաձայնագրի շրջանակում: Սեպտեմբերի 6-ին Իրանը հայտարարել է միջուկային գործարքի շրջանակում պարտավորությունների կրճատման ուղղությամբ երկրի՝ թվով երրորդ միջոցառումների մասին՝ որպես պատասխան միջոց ավելի քան մեկ տարի առաջ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն եւ, ինչպես հայտարարում են Թեհրանում, համաձայնագրին գործարքի եվրոպական մասնակիցների հանձնառության բացակայության: Ավելի վաղ Թեհրանը որոշել է սեպտեմբերի 6-ից իրեն չկաշկանդել միջուկային գործարքով նախատեսված այն սահմանափակումներով, որոնք վերաբերում են միջուկային տեխնոլոգիաների ոլորտի հետազոտություններին ու մշակումներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս