Հերթը հասավ Երևանի նախկին փոխքաղաքապետին. Վահե Նիկոյանը հարցաքննության կհրավիրվի. մանրամասներ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Դատախազությունում հարուցված մի քրեական գործի շրջանակներում առաջիկայում հարցաքննության կհրավիրվի Երեւանի քաղաքապետի նախկին տեղակալ Վահե Նիկոյանը։
Դեռեւս օգոստոսին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության ավելի քան 700 մլն դրամի չափով փոխառության պարտավորությունն անհիմն մարվել է Երեւանի համայնքային բյուջեի հաշվին։
Բացի այդ, պարզվել է, որ «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, «2017-2018թթ. եւ 2019 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ընկերության աշխատակիցների դրույքաչափերի սխալ հաշվարկման արդյունքում վերջիններիս աշխատավարձերի հավելագրումներ կատարելու, տրանսպորտային միջոցներն առանց վերանորոգելու այդ նպատակով գումարներ դուրս գրելու եւ փաստացի չշահագործվող ավտոմեքենաներին հատկացված վառելիքի համար գումարներ փոխանցելու միջոցով, յուրացման եղանակով հափշտակել են ընդհանուր 20 մլն 714 հազար 515 ՀՀ դրամ:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր․ 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով»: Ըստ տեղեկությունների՝ գործով անցնում է Վահե Նիկոյանը, ում կուրացիայի տակ են եղել այդ գործընթացները։ Սակայն Նիկոյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, «բաժանորդն անհասանելի» էր»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: