Societe Generale-ն ավերիչ հետեւանքներ է սպասում «կոշտ» Brexit-ից
Կարճաժամկետ հեռանկարում գլոբալ տնտեսության համար ամենալուրջ վտանգը, որը համադրելի է 2008 թվականի ճգնաժամի հետ, Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալն է՝ առանց այդ գործընթացի պայմանների վերաբերյալ վավերացված պայմանագրի: Այդ մասին ասել է Societe Generale-ի տնօրենների խորհրդի նախագահ Լորենցո Բինի-Սմագին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:
«Գոյություն ունեն գլոբալ էկոնոմիկայի մի քանի ռիսկեր: Կարծում եմ, որ կարճաժամկետ հեռանկարում դրանցից առավել վտանգավորը Brexit-ն է, որովհետեւ շատ դժվար է կանխատեսել դրա ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա: Տնտեսական հիմքերի, տրամադրությունների վրա հոգեբանական ազդեցությունը կարող է շատ ուժեղ լինել, ֆինանսական շուկաների վրա դրա ազդեցությունը նույնպես կարող է շատ ավերիչ լինել, ինչպես մենք տեսանք, օրինակ, Lehman Brothers-ի դեպքում 2008 թվականին: ՄԵնք պետք է շատ ուշադիր հետեւենք այդ գործընթացին»,-ասել է նա:
Ինչպես ասված է «կոշտ» Brexit-ին Միացյալ Թագավորության նախարարների կաբինետի նախապատրաստման պլանում, որը սեպտեմբերի 11-ին հրապարակել է կառավարությունը, Եվրամիության կազմից առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալը երկրին սպառնում է սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի պակասությամբ, սահմանում բեռնափոխադրումների ընդհատումներով եւ զանգվածային բողոքներով: «Թարմ մթերքի որոշ տեսակների մատչելիությունը կնվազի: Կա այն բանի ռիսկը, որ խուճապային գնումները ընդհատումների կհանգեցնեն պարենային մատակարարման հարցում»,- նշված է փաստաթղթում: Առանձնապես բարդ իրավիճակ կստեղծվի բժշկական պատրաստուկների հարցում:
Նաեւ կառավարությունը զգուշանում է, որ առանց գործարքի Եվրամիությունից դուրս գալը կհանգեցնի այն բանին, որ բեռնատարները Լա Մանշը կանցնեն մինչեւ երկուսուկես օրվա տեւողությամբ ուշացումներով, իսկ այդ իրադրությունը կարող է տեւել մինչեւ երեք ամիս: Բացի դրանից բարդություններ կունենան այն ուղեւորները, որոնք երկրից կհեռանան նավահանգիստներով եւ օդանավավակայաններով, իսկ երկրի որոշ տարածաշրջաններում վառելիքի պակաս կզգացվի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: