Բաժիններ՝

Կրակի մեջ նետվողները. հրշեջ-փրկարարներին 40 վայրկյան է անհրաժեշտ պատրաստ լինելու համար

Կյանքի համար վտանգավոր, ծխաշատ տարածքներ, էքստրեմալ ջերմաստիճան, բոցավառվող կրակ և մոտալուտ վտանգ. սրանք աշխատանքային այն պայմաններն են, որոնց միշտ պատրաստ են հրշեջները: Ամռանը ջերմաստիճանը Հայաստանում սովորականից բարձր էր ու անտառային և այլ հրդեհներն ավելի շատ էին քան երբևէ:

«Ես ինքս ինձ հերոս չեմ համարում և ուղղակի կարծում եմ, որ մեզ մոտ գործում է պատասխանատվության զգացողություն մեկ այլ մարդու կյանքի համար»,- ահա այսպես են բնութագրում իրենց ամենօրյա աշխատանքը հրշեջ-փրկարարները:

«Արմենպրես»-ը հրշեջ-փրկարարների աշխատանքի, վերապատրաստումների, նրանց հոգեպես պատրաստ լինելու և մի շարք այլ հարցերի մասին, զրուցել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Արթուր Ոսկանյանի, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության, Երևանի փրկարար վարչության կենտրոն բաժնի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ, ՓԾ կապիտան Արմեն Ալեքսանյանի նույն ջոկատի վարորդ-մեխանիկ, փրկարար ծառայության ավագ Լևոն Ղահրամանյանի և հրշեջ-փրկարար Գայանե Յափունջյանի հետ:

Հրշեջ-փրկարարի «չհրկիզվող» ոգին

ՓԾ գնդապետ Արթուր Ոսկանյանը պնդում է, որ փրկարարը պետք է հոգեպես պատրաստ լինի ծառայության՝ մինչ աշխատանքի անցնելը և լինի նաև ֆիզիկապես պատրաստված:

«Ցանկացած փրկարար պետք է լրջագույնս մոտենա իր մասնագիտությանն ու դեպքի վայրում չպետք է խուճապի մատնվի: Փրկարարի ծառայությանն ընդունվելուց առաջ հոգեբանական թեստեր են անցնում, հետո ֆիզիկապես պատրաստվում են, ինչից հետո հանձնում նորմատիվային քննություններ»,- ասաց Ոսկանյանն ու հավելեց, որ փրկարարների հետ իրականցվում է եռամսյա ուսուցում Ճգնաժամային պետական կառավարման ակադեմիայում, ինչպես նաև հրշեջ փրկարարական ջոկատներում:  Այդ ուսուցումն անցնելուց հետո փրկարարը հանձնում է քննություն, այնուհետև հրամանով ընդունվում աշխատանքի: Սկսնակ փրկարարները սկզբում կցվում են հմուտներին, որպեսզի պրակտիկ ավելի լավ պատկերացնեն իրենց գործունեության լրջությունը և փորձառու փրկարարներն էլ ընթացքում սովորեցնում են նրանց։

Փրկարարները նաև ամեն օր մասնակցում են դասընթացների, ժամանակ առ ժամանակ իրականացվում են վերապատրաստումներ։

«Դասընթացներն ամենօրյա են և տևում են առավոտյան ժամը 10։00-13։00-ն, ինչին հետևում են մարտավարական վարժանքներ։ Դասերի ժամանակ սովորում են, օրինակ՝ ինչպես է պետք դպրոցներում, մանկապարտեզներում իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ»,-ասաց Ոսկանյանը։ Փրկարարներին ներկայացվում են նաև տարբեր իրավիճակներ՝ բարձրություններում, նկուղային հարկերում աշխատելու մեթոդները, տարբեր եղանակային պայմաններ և այլն։ Սովորում են նաև մթության, ջերմության ժամանակ աշխատել, ծխի ժամանակ ճիշտ շնչել՝ հակածխային շնչառական ապարատներով։

Երևանի փրկարար վարչության կենտրոն բաժնի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ, ՓԾ կապիտան Արմեն Ալեքսանյանը, ով արդեն 19 տարվա ծառայության փորձ ունի, նշեց, որ հաճախ են վերապատրաստումներ անցնում և՛ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, և՛ արտասահմանում։ Ալեքսանյանը վերապատրաստվել է Ռուսաստանի Դաշնությունում, Ֆրանսիայում, Բրազիլիայում՝ մասնակցել է երկրաշարժերի դեպքերի վրա մասնագիտացված միջազգային կազմակերպության դասընթացներին:

«Սովորել եմ, թե ինչպես կարող են, օրինակ՝ տարբեր երկրների փրկարարներ համատեղ աշխատել երկրաշարժերի ժամանակ։ Փլուզումների ժամանակ հնարավոր է, որ դրանց տակ մարդիկ լինեն և, որպեսզի մյուս փրկարարներն իմանան, որ տվյալ հատվածն արդեն ստուգվել է՝ գոյություն ունեն հատուկ միջազգային նշումներ, որոնցով պարզ է դառնում, տվյալ տարածքն արդեն հետախուզվել է, թե ոչ, արդյոք ներսում տուժածներ եղե՞լ են և այլն»,- ասաց Ալեքսանյանն ու նշեց, որ շատ հաճախ առաջին բուժօգնության վերապատրաստման դասընթացներ էլ են լինում, ինչը շատ կարևոր է հատկապես ՃՏՊ-ների ժամանակ:

Հատուկ շնչառական վարժանքներ ծխահարված տարածքներում

Անդրադառնալով բավականաչափ ծխահարված տարածքներում հրշեջ-փրկարարներին անհրաժեշտ հմտություններին՝ Ոսկանյանը նշեց, որ հիմնականում նրանք կիրառում են հատուկ շնչառական վարժանքներ:

«Փրկարարները հրդեհների ժամանակ գիտեն` ինչպես աշխատել ջերմության, մթության և բավականաչափ ծխահարված բաց և փակ տարածքներում: Փակ ծխահարված տարածքներ նրանք պարտավոր են մտնել հակածխային շնչառական ապարատներով, ինչից հետո միայն իրականացնել հրդեհաշիջման աշխատանքները։ Մնացած պարագաներում նրանք հատուկ շնչառական վարժանքներ են կիրառում»,- ընդգծեց ՓԾ գնդապետը:

Հարցին՝ հրդեհաշիջում իրականացնելիս, ո՞ր դեպքում են օգտագործում ջուր և ո՞ր դեպքում՝ փրփրահեղուկ, նա շեշտեց, որ փրփրահեղուկ օգտագործվում է դյուրավառ հեղուկների շիջման համար՝ բենզին, դիզվառելիք, մազութ և այլն։ Մնացած դեպքերում հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են ջրով։

Ոսկանյանը նաև ընդգծեց, որ ցանկացած դեպքի ժամանակ կանչի դուրս է գալիս 2 մարտական հաշվարկ, և իրավիճակից ելնելով՝ հրդեհաշիջման ղեկավարը գնահատում է իրավիճակը: Ուժերի ոչ բավարար լինելու դեպքում լրացուցիչ մարտական հաշվարկներ են կանչվում։

Կին փրկարարների ծառայությունը

Խոսելով կին փրկարարների մասին, Ոսկանյանն ասաց, որ կանայք նույնպես ծառայում են համակարգում և ներգրավված են բոլոր մարտական հաշվարկներում:

«Մեր ոլորտում կին փրկարարներ շատ կան, և նրանք նույնպես հարկ եղած դեպքում բավականին լավ են իրականացնում իրենց ծառայությունը»,- նշեց ՓԾ գնդապետը:

Հրշեջ-փրկարար Գայանե Յափունջյանը ցանկացած պահի պատրաստ է գնալ դեպքի վայր և կատարել իր առաքելությունը: «Ես դեռևս չեմ գնացել դեպքի վայր և բախտ չի վիճակվել մասնակցել հրդեհաշիջման աշխատանքներին: Այդուհանդերձ, կարծում եմ, որ մինչ այս պահն իրականացրած իմ աշխատանքը նույնպես կարևոր է թե՛ տղաների և թե արտակարգ իրավիճակների մասին հաղորդողների համար: Ես այստեղ նստած զանգերն եմ ընդունում և անմիջապես տեղեկացնում այդ պահին բաժնում գտնվող մեր մարտական հաշվարկներին»,- անկեղծացավ Գայանեն:

Նրանից հետաքրքրվեցի, թե ինչպիսի՞ հետաքրքիր, տարօրինակ կամ բարդ կանչեր են եղել, որոնց արձագանքել են հրշեջ-փրկարարները:

«Ամենաբարդ կանչերից մեկը եղել է վերջերս տեղի ունեցած «Ձյունիկ» սառնարանային պահեստի հրդեհը, որտեղ հրշեջները մի քանի օր հրդեհաշիջում են իրականացրել: Ժամանակ առ ժամանակ պատի մեջից կրակ է դուրս եկել և այդ ամենի հետ մեկտեղ տարածքը փակ է եղել, սակայն հրշեջներն իրենց պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կարողացել են ի վերջո մարել այն»,- ասաց Գայանեն:

Նման բարդ դեպքերի հետ միասին, նա նաև հիշեց որոշ տարօրինակ, ինչպես նաև զավեշտալի դեպքեր, ինչպիսին օրինակ՝ խոհանոցի պահարաններից մեկի դուռը բացելը կամ պարանին փաթաթված լվացքը հանելն է եղել:

«Համեմատաբար թեթև կանչերի ժամանակ hաճախ լինում են դեպքեր, որ մեր փրկարարները գնում են մուկ, կարիճ բռնելու կամ կատվին ծառի վրայից հանելու»,- պատմեց Գայանեն:

Հրշեջ դառնալու ցանկությունը

ՓԾ գնդապետ Ոսկանյանը, պատմելով իր հրշեջ-փրկարար դառնալու ցանկության մասին, ասաց, որ հայրը հրշեջ-փրկարար է եղել և 38 տարի ծառայել է ոլորտում:

«Մեր տունն էլ փրկարարական ջոկատի կողքին էր։ Փոքր ժամանակ այդքան էլ չէի սիրում ուտել, և մայրս պատմել է, որ ինձ նստեցրել են հրշեջ մեքենայի մեջ, որպեսզի այնտեղ ուտեմ։ Այդպես փոքրուց շատ եմ սիրել այդ բնագավառն, ու ինձ միշտ հետաքրքրել է հրշեջի աշխատանքը։ Ես արդեն 28 տարի ծառայում եմ ոլորտում, ինչպես նաև դասավանդում եմ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում և մեր հրշեջ-փրկարարների մեծ մասն իմ ուսանողներն են։

ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարար վարչության կենտրոն բաժնի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի վարորդ-մեխանիկ, փրկարար ծառայության ավագ Լևոն Ղահրամանյանը նշեց, որ իր մոտ հրշեջ-փրկարար դառնալու ցանկությունն ի հայտ է եկել ոլորտի վերաբերյալ ֆիլմեր դիտելով:

«Ես տարիներ առաջ սիրում էի ֆիլմեր դիտել, որտեղ փրկարար ծառայողները մարդկանց կյանքեր էին փրկում, հրդեհներ էին մարում և միշտ դուր է եկել այդ մասնագիտությունը։ Հենց այդ պատճառով՝ գուցե ոգեշնչված, որոշեցի դառնալ հրշեջ-փրկարար։ 2012 թվականից սկսած՝ արդեն 6 տարի, ծառայում եմ և չեմ փոշմանել այս մասնագիտությունն ընտրելու համար։ Չնայած, որ վարորդ-մեխանիկ եմ, բայց եղել են նաև դեպքեր, որ մեր հրամանատարի հրամանով, անհրաժեշտ է եղել մասնակցել նաև հրդեհաշիջման աշխատանքներին»,- ասաց Լևոնը։

Հերոս հրշեջները

ՀՀ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր ելույթներում բազմիցս շեշտել է, որ հրշեջ-փրկարարները հերոսներ են: «Արմենպրես»-ը գնդապետ Արթուր Ոսկանյանից, ով արդեն մոտ 30 տարի է կրում է փրկարարի համազգեստը, հետաքրքրվեց, արդյոք ինքն իրեն հերոս զգո՞ւմ է թե՞, ոչ:

«Ես նույնպես մեր փրկարարներին հերոս եմ համարում, սակայն ինձ այդ բառը չեմ վերագրի: Վերջին երկու խոշոր հրդեհի ժամանակ՝ «Մալաթիա մոլ»-ի և «Ձյունիկ» սառնարանային պահեստի, մեր հրշեջներն արեցին գրեթե անհնարինը և այդ բարդ իրավիճակներում նրանք կարողացան իրականացնել մեր կայացրած բոլոր որոշումները։ «Ձյունիկ»-ում գաղտնի կրակներ կային, որոնք պատերի միջով դուրս էին գալիս և տարածքն էլ ամբողջությամբ փակ էր։  Այնտեղ բարդ հետախուզական աշխատանքներ ենք իրականացրել»,- նշեց Ոսկանյանը:

ՓԾ կապիտան Արմեն Ալեքսանյանն, ով 19 տարի է, ինչ աշխատում է արտակարգ իրավիճակների ոլորտում, նույնպես իրեն հերոս չի համարում:

«Շնորհակալ եմ, որ մեր նախարարը գնահատում է մեր աշխատանքը, սակայն ես ինքս ինձ հերոս չեմ համարում և ուղղակի կարծում եմ, որ մեզ մոտ գործում է պատասխանատվության զգացումը մեկ այլ մարդու կյանքի համար»,- ասաց Ալեքսանյանը։

Երբ երախտապարտ են տուժողները. հղի կնոջը փրկելն ու մատաղը

ՓԾ կապիտան Արմեն Ալեքսանյանը հարցազրույցի ընթացքում կիսվեց իր համար շատ տպավորիչ մի դեպքի մասին, որը տարիներ առաջ է տեղի ունեցել:

«Ահազանգով դուրս էինք եկել Ագաթանգեղոսի փողոց, որտեղ շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ էր բռնկվել և ջերմությունն այնտեղից շատ մեծ էր։ Հարևաններից տեղեկացել էինք, որ ներսում մոտ 25 տարեկան հղի կին կար, ով այդ ծխից և ջերմությունից վախեցած, թաքնվել էր ննջարանում, որտեղ մի փոքր ավելի ապահով էր։ Սկզբում մուտք գործելն անհնարին էր թվում, մեր կողքին էլ կանգնած էր այդ կնոջ ամուսինը, ով ամեն կերպ փորձում էր ներս մտել և օգնել կնոջն այնտեղից դուրս բերել։ Բնակարան մուտք գործելու փորձ արեց, սակայն չկարողացավ ներս մտնել բարձր ջերմության պատճառով»,- վերհիշեց Ալեքսանյանը։

Մասնագիտական հմտությունները հրշեջ-փրկարարին թույլ էին տվել դիմել մի  խորամանկ քայլի: Նա հրշեջներից մեկին ասել էր, որպեսզի ջուրն անմիջապես իր վրա պահեր՝ ջերմությունը չզգալու համար։ Ալեքսանյանը մտել էր բնակարան և, քանի որ ծուխն ավելի շատ էր սկսել ննջարան ներթափանցել, որտեղ հղին էր, գործընկերոջը խնդրել էր, որպեսզի նորից ջուրն իրենց ուղղությամբ պահի՝ ծխահարված տարածքից դուրս գալու համար։

«Շատ մեծ դժվարությամբ այդ կնոջը դուրս հանեցի, և նրա ամուսինը երջանկությունից ուղղակի գրկել էր ինձ և անդադար շնորհակալություն էր հայտնում։ Նա բնակարան մուտք գործելու փորձ անելու ժամանակ հասկացել էր դեպքի ողջ լրջությունն ու փրկարարի աշխատանքի բարդությունը։ Աղջկան դուրս բերելուց հետո միայն սկսեցինք հրդեհը մեկուսացնել և մարել։ Հաջորդ օրն այդ տղան հայկական ավանդույթներին համաձայն իր կնոջ համար մատաղ էր արել և այդ նույնն արել էր նաև մեզ համար։ Հետագայում մենք հետաքրքրվել էինք և իմացել, որ առողջ երեխա են ունեցել և ամեն ինչ նորմալ է։ Շատ տպավորիչ էր այդ ամենը, նրա այդքան շնորհակալ լինելը»,- պատմեց ՓԾ կապիտանը։

Կարևոր ու առաջնահերթ են մարդկանց կյանքերը

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալը, խոսելով հրդեհների ժամանակ հետախուզության առաջնային և գլխավոր խնդրի մասին, ընդգծեց, որ հրշեջները պետք է սկզբում պարզեն արդյոք տարածքում մարդ կա՞ և, եթե այո, ապա մարումից առաջ նրանք պետք է տարհանվեն։

«Հրդեհների ժամանակ հետախուզությունն իրականացնում է հրդեհաշիջման ղեկավարը։ Նա պետք է հասկանա, թե ինչ է վառվում, որտեղ են այրվող նյութերը, ինչ արագությամբ է կրակը տարածվում։ Պարզելուց հետո ուժերն ու տեխնիկան կայանում են այնպես, որպեսզի հնարավորինս շուտ կրակը մարվի»,- ասաց ՓԾ գնդապետ Արթուր Ոսկանյանը։

40 վայրկյան պատրաստ լինելու համար

«Մեր փրկարարական ջոկատները սփռված են ամբողջ քաղաքով՝ դրանք 12-ն են։ Յուրաքանչյուր ջոկատի շառավիղը 3-4 կմ է։ Հրշեջները 40 վայրկյան ունեն պատրաստ լինելու և կանչի դուրս գալու համար»,- նշեց Ոսկանյանը։

Նրա խոսքով՝ խցանումների պատճառով, հնարավոր է, որ այլ ստորաբաժանման փրկարարական ջոկատ գնա դեպքի վայր և հասնի մոտ 2 րոպե ավելի ուշ քան տվյալ տարածքի ստորաբաժանումը կհասներ խցանում չլինելու դեպքում։

Հրդեհի դեպքում քաղաքացիները չպետք է խոչընդոտ հանդիսանան հրշեջների համար

ՓԾ գնդապետ Ոսկանյանը, խոսելով դեպքի վայրում աշխատող հրշեջ-փրկարարների աշխատանքին խոչընդոտող քաղաքացիների մասին, ընդգծեց, որ իրենք փորձառու են և իրենք են որոշումներ կայացնում և ծառայության ժամանակ իրենց շեղել պետք չէ։

«Հրշեջները դեպքի վայրում սահմանազատումներ են անում, սակայն լինում են դեպքեր, երբ քաղաքացիները չեն ենթարկվում մեզ և այդ պարագայում օգնության է հասնում ոստիկանությունը։ Հաճախ այն քաղաքացիների պատճառով, ովքեր սկսում են խանգարել և ցուցումներ տալ մեր հրշեջներին, ինտենսիվ հրդեհաշիջում հնարավոր չի լինում իրականացնել»,- նշեց Ոսկանյանը և հավելեց, որ այդ առումով ոստիկանությունը մշտապես իրենց կողքին է և աջակցում է հարկ եղած դեպքում։

Հրդեհի մեկուսացում և մարում

Ոսկանյանը նաև ներկայացրեց հրդեհի մարման և մեկուսացման տարբերությունը և շեշտեց, որ հրդեհի մեկուսացումից հետո այլևս ոչ մի օջախ չի լինում, որտեղից կրակը կարող է շարունակել տարածվել։ Նրա խոսքով՝ մեկուսացումից հետո փրկարարների ուժերը բավարար են հրդեհի լիակատար մարման համար։ «ԱԻՆ-ի կողմից հրդեհի լիակատար մարում հաղորդվում է այն դեպքում, երբ այլևս չի կարող կրկին հրդեհ բռնկվել»,- ասաց ՓԾ գնդապետը։

Տեխնիկական հագեցվածություն

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալը տեղեկացրեց, որ ԱԻՆ փրկարար ծառայությունը տեխնիկապես բավականին հագեցած է։ Նա վստահեցրեց, որ տեխնիկան ամեն օր ստուգվում է, անհրաժեշտության դեպքում նորոգվում կամ փոխվում են մաշված կամ հնացած դետալները։ Նախարարությունն այժմ աշխատում է ուղղաթիռ ձեռք բերելու ուղղությամբ, ինչը շատ մեծ օգնություն կլինի օդային հետախուզության համար։ «Ամռան շոգ եղանակներին անտառային հրդեհների ժամանակ խնդիր է առաջանում կրակի ինտենսիվ տարածման վայրն իմանալու առումով։ Ուղղաթիռ ունենալու դեպքում հնարավոր կլինի վերևից տեսնել և մեր հրշեջներին ճիշտ ուղղությամբ ուղարկել»,- նշեց Ոսկանյանը։

Երևանի ամենաբարդ տարածքները

«Երևանում հիմնականում չկան բարդ հատվածներ, որտեղ մեր հրշեջ-փրկարարները չկարողանան աշխատանքներ իրականացնել։ Նրանք պատրաստ են տարբեր իրավիճակների ամենատարբեր վայրերում»,- վստահեցրեց ՓԾ գնդապետը և հավելեց, որ մայրաքաղաքում կան փողոցներ, որոնք բավականին նեղ են և այդ դեպքում դեպքի վայր են ուղարկում ավելի փոքր մեքենաներ, որպեսզի արդյունավետ աշխատանք իրականացվի։

ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված միջոցառման ընթացքում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնի արտակարգ իրավիճակների աշխատողների սոցիալական պաշտպանվածության և երաշխիքների խնդրին: Նա հավելել էր, որ պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն նաև ԱԻՆ փրկարար ծառայության տեխնիկական հագեցվածության խնդրին:

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ փրկարար ծառայության 6 աշխատակցի վաղաժամկետ պարգևատրել է հերթական կոչումներով:

Նախարարի առաջարկությամբ և վարչապետի պատրաստակամության արդյունքում՝ որոշում է կայացվել այս տարվա հոկտեմբերի 1-ից բարձրացնել փրկարարների աշխատավարձը:

Պատրաստեց՝ Լիլիթ Դեմուրյանը

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս