Բաժիններ՝

ԱԱԾ պաշտոնատար անձինք շորթմամբ պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված` ԱԱԾ աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱԱԾ պաշտոնատար անձինք, կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության գալով, շորթմամբ, Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաև, դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, էական վնաս են պատճառել անձանց իրավունքներին և պետության օրինական շահերին:

Ըստ առաջադրված մեղադրանքների` Էդիկ Ափոյանը, զբաղեցնելով ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության համապատասխան բաժնի բաժանմունքի պետի պաշտոնը, նախապես տեղեկացված լինելով Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Սանդիփ Կաուշիկի` հայրենիքում իրավապահ մարմինների հետ ունեցած խնդիրների մասին, նախնական համաձայնության է եկել նույն բաժնի օպերլիազոր Գևորգ Գաբրիելյանի հետ` Ս. Կաուշիկից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հարցի շուրջ: Այդ նպատակով Գ. Գաբրիելյանը 24.07.2019թ. այցելել է Ս. Կաուշիկի բնակարան, որտեղ, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, ապօրինի գործողություններ է կատարել. առանց համապատասխան վարույթի առկայության և առանց արձանագրման զննել է Ս. Կաուշիկին պատկանող իրերն ու փաստաթղթերը և հայտնել, որ Հնդկաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից գրություն է ստացել ՀՀ-ից նրան արտաքսելու վերաբերյալ, ապա պահանջել նրան չարտաքսելու դիմաց որպես կաշառք իրեն փոխանցել այդ պահին տանն առկա ողջ գումարը, որից հետո անձամբ ստացել է 2.379.750 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլար: Այնուհետև Գ. Գաբրիելյանը Ս. Կաուշիկին, ինչպես նաև բնակարանում գտնվող Հնդկաստանի Հանրապետության ևս երկու քաղաքացու ուղեկցել է ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության համապատասխան բաժնի վարչական շենք, որտեղ` բաժանմունքի պետ Էդիկ Ափոյանի աշխատասենյակում, վերջինիս հետ, Ս. Կաուշիկի իրավունքներն ու օրենքով պաշտպանվող շահերը չոտնահարելու, ՀՀ-ից նրան չարտաքսելու, վերջինիս կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասնակցության վերաբերյալ կեղծ ապացույցներ չստեղծելու և քրեական պատասխանատվության չենթարկելու սպառնալիքով, շորթմամբ պահանջել են 50.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից ստացել են 8.423.564 ՀՀ դրամին համարժեք 17.700 ԱՄՆ դոլար:

Մասնավորապես, ձեռք բերելով Ս. Կաուշիկի համաձայնությունը` Գ. Գաբրիելյանը հաջորդ օրը նրանից անձամբ ստացել է 3.759.926 ՀՀ դրամին համարժեք 7900 ԱՄՆ դոլար` պահանջելով վճարել նաև կաշառքի մնացած մասը: Գ. Գաբրիելյանի ընկերը` Գոռ Մարտիրոսյանը, տեղեկանալով, որ կաշառքի գումարի մի մասն էլ` 2.283.888 ՀՀ դրամին համարժեք 4800 ԱՄՆ դոլարը, գտնվում է Հնդկաստանի Հանրապետության մեկ այլ քաղաքացու մոտ, 31.07.2019թ. այցելել է նրան և անձամբ ստացել պահանջվող գումարը:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Էդիկ Ափոյանին և Գևորգ Գաբրիելյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ նրանց օժանդակելու համար Գոռ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 1-ին մասով և 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս