
Իսպանիայի Սենատի ղեկավարը հերքել է գրագողության մեղադրանքներն իր գրած դասագրքում

Իսպանիայի Սենատի (խորհրդարանի վերին պալատի) նախագահ Մանուել Կրուսը հերքել է այն հաղորդումները, թե իր գրած փիլիսոփայության դասագրքում բանագողություն կա։
Ավելի վաղ ABC թերթը հաղորդել է, թե Կրուսը, որը նաեւ դասախոս է Բարսելոնայի համալսարանում, «Արդի փիլիսոփայություն» դասագիրքը կազմելիս, որը հրատարակվել է 2002 թվականին եւ վերահրատարակվել 2010 թվականին, ամբողջ պարագաֆներ է պատճենել առնվազն ինն այլ հեղինակներից՝ առանց նշելու աղբյուրը կամ մեջբերման նշանները:
«Ճիշտ չէ, թե ես դիմել եմ գրագողության: Չի կարելի խաղալ մարդկանց պատվի եւ հեղինակության հետ: Նման գրոհները հանգեցնում են քաղաքականության վարկաբեկման եւ քաղաքացիների դժգոհության: Բոլոր միջոցները չէ, որ լավ են»,- գրել է Կրուսը Twitter-ում:
Ինչպես ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Կրուսի Twitter-ում, ABC հրատարակության բերած տեղեկատվությունը «վերաբերում է մեկնաբանների միջեւ նավազագույն զուգադիպություններին, որոնք ընթերցել եւ վերլուծել են միեւնույն հեղինակի գործերը»: Բացի դրանից, հայտարարության մեջ նշված է, որ խոսքը վերաբերում է ոչ թե «ստեղծագործական երկի, այլ ուսանողների համար տեղեկատվական ձեռնարկի, որտեղ ներառված են կենսագրական տվյալներ, ինչպես նաեւ տեղեկություններ հիշյալ հեղինակների մտքերի ընթացքի մասին», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: