
Որոնք են առավել խիստ գրաքննությամբ 10 երկրները

Էրիթրեան, ԿԺԴՀ-ն եւ Թուրքմենստանն առաջին երեք տեղերն են զբաղեցնում մամուլի ամենախիստ գրաքննությամբ երկրների ցուցակում: Այդ մասին հայտնել են Լրագրողների պաշտպանության կոմիտեում:
Այդ ցուցակի չորրորդ տեղն զբաղեցնում է Սաուդյան Արաբիան, որին հաջորդում են Չինաստանը, Վիետնամը, Իրանը, Հասարակածային Գվինեան, Բելառուսը եւ Կուբան:
Կազմակերպության զեկույցում նշվում է, որ այդ երկրներում մասամբ կամ ամբողջովին արգելված է անկախ ժուռնալիստիկան, իսկ զանգվածային լրատվամիջոցները քարոզչության տարածման միջոց են ծառայում: Փաստաթուղթը բովանդակում է ԶԼՄ-ների ազատության ոտնահարման մեթոդների մանրամասն նկարագրությունը, որոնք օգտագործվում են թվարկված տասը պետություններից յուրաքանչյուրում:
Լրագրողների պաշտպանության կոմիտեն միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որն ամբողջ աշխարհում զբաղվում է ԶԼՄ-ների աշխատողների շահերի պաշտպանությամբ: Մասնավորապես, կազմակերպությունն զբաղվում է լրագրողների սպանության դեպքերի եւ նրանց նկատմամբ կատարվող հակաիրավական գործողությունների բացահայտմամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: