Շուրջ 13 հազար մարդ Տոկիոյի օդանավակայանում է գիշերել թայֆունի հետևանքների պատճառով
Առնվազն 13 հազար մարդ հարկադրված է եղել Տոկիոյի Նարիտա օդանավակայանում գիշերել «Ֆակսայ» թայֆունի հարվածից հասարակական տրանսպորտի աշխատանքի խաթարման պատճառով: Այդ մասին սեպտեմբերի 10-ին հայտնել է NHK հաեռուստաալիքը:
Օդանավակայանի ղեկավարությունը կարգադրել է ուղեւորներին անվճար տրամադրել շշալցված ջուր, սնունդ, ինչպես նաեւ քնապարկեր եւ էլեկտրոնային սարքերի լիցքավորման թերմինալներ:
Տրանսպորտային հաղորդակցության հետ կապված խնդիրներն առաջացել են այն բանի պատճառով, որ օդանավակայանի եւ Տոկիոյի միջեւ երթուղում չեղարկվել է գնացքների երթեւեկությունը: Բացի այդ, արագընթաց մայրուղիների փակման պատճառով երկար ժամանակ չեն երթեւեկել ավտոբուսներն ու տաքսիները: Դրա հետեւանքով ուղեւորները պարզապես չեն կարողացել մեկնել օդանավակայանից: Երեքշաբթի առավոտյան գնացքների երթեւեկությունը վերականգվել է: Սպասվում է, որ օրվա ընթացքում խնդիրը վերջնականապես կլուծվի: «Ֆակսայը» դարձել է այս տարի Խաղաղ օվկիանոսում ձեւավորված թվով 15-րդ թայֆունը:
Ճապոնիայի արեւելքում, այդ թվում՝ մայրաքաղաքի տարածաշրջանում դրա մոլեգնելու հետեւանքով զոհվել է երեք, տուժել եւս 60 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: