
Լուկաշենկոն Ռուսաստանից 10-15 մլրդ խորանարդ մետր գազ է խնդրել «ընդունելի գնով»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կարող էր հանրապետությանն օգնել՝ «ընդունելի գնով» 10-15 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարմամբ: Լուկաշենկոյի կարծիքով, ՌԴ-ն պետք է այդպես վարվի՝ Բելառուսի փոխհատուցելով այն վնասը, որը պատճառվել է Չեռնոբիլի վթարով։
«Ոչ անվճար, ոչ ի վնաս «Գազպրոմի», (գազ) մատակարարիր Բելառուսին»,-սեպտեմբերի 6-ին Բրեստում հայտարարել է Լուկաշենկոն, որի խոսքը մեջբերել է ԲելՏԱ պետական գործակալությունը:
Այս կապակցությամբ Լուկաշենկոն օրինակ է բերել Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարը: «Ինչ է՝ մե՞նք ենք կառուցել այդ կայանը: Ո՛չ: Մե՞նք ենք այն պայթեցրել: Ո՛չ: Իսկ ո՞վ է ավելի շատ տուժել: Մե՛նք: Այն ժամանակ կենտրոնական իշխանությունը, ի դեմս Միխայիլ Գորբաչովի, պատասխանատություն ստանձնեց Բելառուսի համար»,-ասել է նա:
Սեպտեմբերի 5-ին ՌԴ Էներգետիկայի նախարարության ղեկավար Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ Ռուսաստանը եւ Բելառուսը կոնսուլտացիաներ են անցկացնում գազի գնի շուրջ: Մոտ ժամանակներս կողմերը բանակցություններ կսկսեն այս հարցի շուրջ, հավելել է նախարարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: