Բաժիններ՝

10 հոգով պայքարել հնարավոր էր, բայց Իտալիան սխալները չի ներում. Ֆուտբոլիստները՝ խաղի մասին

Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրում պարտվեց Իտալիայի ընտրանուն՝ 1:3:

Հավաքականը առաջինը բացեց խաղի հաշիվը, սակայն, երկրորդ խաղակեսը սկսեց 10 հոգով:

Խաղից հետո այս արդյունքի մասին են խոսել ազգային հավաքականի տղաները:

Ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը նշում է, որ թիմը լավ սկսեց առաջին խաղակեսը:

«Սկզբում շատ ագրեսիվ էինք, դրա համար գոլը խփեցինք: Բայց հետո, չգիտես ինչու, մի փոքր հետ քաշվեցինք, գոլ բաց թողեցինք, հետո էլ կարմիր քարտը խանգարեց: Բայց, կարծում եմ, որ երկրորդ խաղակեսում տղաները մինչև վերջ պայքարեցին: Ցույց տվեցինք, որ նույնիսկ տասը հոգով կարելի է խաղալ Իտալիայի դեմ: Կարող էինք գոլի հեղինակ դառնալ, հաշվի մեջ առաջ անցնել, բայց ինչ-որ տեղ չհաջողվեց: Դրա համար հետո պատժվեցինք:

Ճիշտ է՝ Իտալիան առավելություն ուներ, բայց դե, Իտալիան մնում է Իտալիա, եթե գոլ չխփեին, գուցե 1:1 ավարտվեր խաղը, կամ գուցե խոշոր հաշիվ լիներ:

Մինչև 78-րդ րոպեն՝ իրենց 2-րդ գոլը, ամեն ինչ արդարացի էր»:

Հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի խոսքով՝ թիմը արժանի էր 1 միավորի:

«Ստացվեց երկու տարբեր խաղակես, չի կարելի ասել, որ կարմիր քարտը փոխեց խաղը, քանի որ անգամ 10 հոգով կարող էինք հաջողության հասնել:

10 հոգով Իտալիայի պես հավաքականի դեմ պաշտպանվելը դժվար էր: Ճնշումը մեծ էր, բայց կարողացանք մինչև 78-րդ րոպեն պահել: Մրցակիցը տուգանայինի դիմաց 1 հոգու առավելություն ուներ, դրա համար բարդ էր դիմանալ ճնշմանը»:

Հավաքականի դարպասպահ Արամ Հայրապետյանը հատուկ շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ նման աջացության համար:

«Մենք պաշտպանվում էինք և անում էին ամեն ինչ: Շատ բան չեմ ասի, սա Իտալիան է: Հնարավոր է՝ կարմիր քարտը փոխեց խաղի ընթացքը»:

Կամո Հովհաննիսյանը, ով տպավորիչ խաղ ցուցադրեց, խաղից հետո նշել է, որ կարմիր քարտը շատ ազդեց խաղի ելքի վրա:

«Պայքարեցինք մինչև վերջ, բայց կարմիր քարտի պատճառով երկու անգամ ավելի աշխատանք տարանք: Դե բոլորի համար էլ պարզ է՝ ինչ հավաքական է Իտալիան և որ այս թիմը սխալները չի ներում:

Մենք գիտեինք, թե ինչ ուժեղ հավաքական է Իտալիան և թե ինչպես է խաղում: Ինչ սպասում էինք, այն էլ արեցին: Մեր սխալների պատճառով գոլեր բաց թողեցինք»:

Գևորգ Ղազարյանի խոսքով՝ բարդ խաղ էր, բայց առաջին խաղակեսը շատ ագրեսիվ սկսեցինք:

«Կարծում եմ, որ կարող էինք ավելի լավ հանդիպում անցկացնել, բայց եղավ կարմիր քարտը: Այն, կարծում եմ, որ արդարացի չէր, քանի որ մրցավարը սկսեց շատ արագ դեղին քարտել բաժանել՝ հատկապես մեր ֆուտբոլիստներին: Մրցավարը ավելի շատ նրանց կողմից խաղաց»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս